Սեպտեմբերի 19-ին Գորիսում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի՝ «Սոցիալական գործընկերության համայնքային հեռանկարներ երիտասարդների համար» մոդելի ներկայացման հանդիպում-քննարկումը և Սյունիքի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կրթական/ուսումնական ծրագրերի և թափուր աշխատատեղերի հայտարարությունների շրջանառման ու թիրախային լսարանին դրանք հասցնելու խնդիրների ներկայացումը:
Միջոցառմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, ով ողջունց ու կարևորեց ծրագիրը՝ նշելով, որ օրակարգային ամենակարևոր խնդիրներից մեկը գործազրկության հարցն է․ «Այս ծրագիրը, հույս ունենք, որ կլինի այն արդյունավետ գործիքակազմը, որով կկարողնանք այս խնդիրը մեր համայնքում որոշակիորեն մեղմացնել։ Ես ծանոթ եմ մոդելին, քանի որ ծրագրի մեկնարկային փուլը ներկայացվել է Գորիսի համայնքապետարանում։
Շատ հաճախ գործատուն փնտրում է աշխատակից, իսկ աշխատողը չի կարողանում աշխատանք գտնել։ Ես հավատացած եմ, որ այս գործիքակազմը իսկապես կօգնի այս հարցում՝ արդյունավետություն արձանագրելու և մոդելը որպես օրինակելի ձևաչափ մարզում, ինչու չէ նաև հանրապետության տարածքում կիրառելի դարձնելու համար»,-նշեց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ այն 34 ամսվա ծրագիր է և մեկնարկը տրվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին։ «Հիմնական նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման, հանրային մշտադիտարկամն իրականացման, ՔՀԿ-ների ցանցերի կառուցման և ուժեղացման, ինչպես նաև կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայուն և կառուցողական երկխոսության կառուցման»,-ասաց Կարեն Զադոյանը։
Անդրադառնալով միջոցառմանը, նա նշեց, որ մասնագիտական կրթության ուսուցման խնդիրները Հայաստանում այժմ շատ կարևոր են, քանի որ խորհրդայինից դեպի անկախացման ժամանակաշրջանում մեծ բաց ենք ունեցել և խզում կա աշխատաշուկայի և մասնագիտական կրթության ոլորտի միջև։
Արտաշես Տոռոզյանը, ով ԳՈՒՄ ՀԿ-ի «Սոցիալական գործընկերության համայնքային հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի ղեկավարն է, նշեց, որ նախագիծն իրականացվում է համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակներում։ «Ծրագրի կարևոր շեշտադրումներից մեկը հանրային քաղաքականության փոփոխության ոլորտում ՀԿ-ների դերի բարձրացումն է։ Երբ մենք մեկնարկում էինք նախագիծը, դրա հիմնական խնդիրը ՄԿՈՒ ոլորտի և աշխատաշուկայի միջև թույկ կապն ու մասնագիտական կոմղնորոշման հետ կապված խորհրդատավական համակարգի բացերը, որոնք այսօր առկա են հանրակրթական դպրոցներում։ Այս երկու գլոբալ խնդիրներին է ուղղված մեր կոնսորցիումային ծրագրի իրականացումը»,-նշեց Արտաշես Տոռոզյանը։
Սյունիքի մարզի ՄԿՈՒ հաստատությունների կրթական/ուսումնական ծրագրերի և թափուր աշխատատեղերի հայտարարությունների շրջանառման ու թիրախային լսարանին դրանք հասցնելու խնդիրները ներկայացրեցին «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը և կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը։
«Պատկերացրեք ուսանող, որն ուզում է քոլեջ ընդունվել, որտե՞ղ է գրված այդ քոլեջի կրթական հնարավոր բոլոր ծրագրերը։ Ես՝ որպես ուսանող կամ որպես ծնող չեմ կարող ծանոթանալ դրանց։ Հիմա կան քոլեջներ, որ չունեն ոչ մի տվյալ, չունեն կայք, ներկայացված ծրագիր, իսկ որոշներն ունեն։ Հիմա պետք է սա համահավասարեցվի և բոլորը ներկայացնեն իրենց կրթական ծրագրերը։ Քոլեջները պարտավոր են իրենց մոտ առկա բոլոր ծրագրերի մասին հայտարարությամբ հանդես գալ և դրանց համար հստակ կարգ ու ձև գոյություն ունի»,-ասաց Խաչիկ Գևորգյանը։ Նա ներկայացրեց, թե ինչ առանձնահատկություններ ունեն, օրինակ, ֆեյսբուքով կամ նշված քոլեջի պաշտոնական կայքով հյատարարություն տարածելը, ուսանողներ կամ աշխատակիցները ներգրավելը և այլն։
Վիգեն Շիրվանյանի խոսքով, ՄԿՈՒ ուսումնական ծրագրերը ստեղծվում են հենց հաստատությունների կողմից, սակայն կան չափորոիչներ, որոնցով էլ որոշակիորեն կաղապարված են։ «Հիմա կա հիմնական խնդիր, որ այդ չափորոշիչները պարտադիր կերպով պետք է վերանայվեն։ Ինչպես նաև չկա մշակված մեխանիզմ՝ ուսումնական ծրագրերը շրջանառության մեջ դնելու համար։ Հիմա ուսանողը, ով ցանկանում է որևէ տեղ սովորել երկու տարբերակ ունի այդ ինֆորամցիային տեղեկանալու՝ գնալ և տպված՝ դասագրքային տարբերակը ձեռք բերել կոնկրետ մարդկանցից, կամ էլ՝ ուսհաստատությունների վեբկայքերից։ Նույնն էլ վերաբերում է աշխատանքի հայտարարություններին»,-նշեց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: