Սեպտեմբերի 25-ին «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի անդամ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ջանքերով տեղի ունեցավ «Անչափահաս եւ երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման զարգացում» ծրագրի ամփոփման միջոցառումը՝ համայնքային ժողովի ձևաչափով։
Միջոցառումը կազմակերպվել էր «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Միջոցառմանը մասնակցեցին արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, պրոբացիայի Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, պետական զբաղվածության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։
Մասնակիցների ցանկում էին նաև համայնքային ծառայությունները, քրեական արդարադատության ոլորտում շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուներ։
Աջակցություն պրոբացիային ազգային ցանցի նախագահ Արտակ Կիրակոսյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց Ցանցը և վերջինիս դերը միջոլորտային համագործակցության գործում։
Միջոցառման ընթացքում քննարկվեց պրոբացիայի ծառայության համայնքահեն զարգացումն ու համագործակցության հնարավոր մեխանիզմները, պրոբացիայի շահառուների հետ վերասոցիալականացմանն ուղղված անհատական ու խմբային աշխատանքների հնարավորություններն ու փորձը, ինչպես նաև ներկայացվեց պրոբացիայի շահառուների հետ վերասոցիալականացմանն ուղղված անհատական ու խմբային աշխատանքների հնարավորություններն ու փորձը Լոռու մարզում։
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: