Արհմիությունների առջև ծառացած խնդիրները սկսվում են օրենսդրական բացերից, ավարտվում` իրազեկվածության պակասով։
Այսօր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարատ Ատովմյանը հանդիպում ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էին արհմիության մի քանի ճյուղային միությունների ներկայացուցիչներ։ Մարատ Ատովմյանը ներկայացրեծ ծրագիրը՝ խոսելով թիրախային ոլորտներից և նպատականերից։
Արհմիության անդամները մի շարք խնդիրներ առանձնացրին, որոնք առկա է այս ոլորտում։ Նրանք հայտնեցին, որ առաջնային խնդիրներից է քաղաքացիների իրավագիտակցության պակասը․ շատերը տեղյակ չեն սեփական իրավունքներից, ինչպես նաև արհմիությունների առաքելությունից․ «Մարդկանց մեջ պետք է վերանա այն մտածելակերպը, որ արհմիությունը միայն նյութական օժանդակություն տրամադրող մարմին է»,- ասում էին հանդիպման մասնակիցները։ Կարևոր են նաև օրենսդրական բացերը, օրինակ՝ գործադուլներ իրականացման վերաբերյալ, այս տեսանկյունից աշխատողները պաշտպանված չեն։
Նշվեց, որ թերանում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները․ «Մենք խնդիրներ ունենք գյուղապետերին ու քաղաքապետերին կրթելու տեսանկյունից»,- ասացին արհմիության անդամները։
Խնդրահարույց է նաև կրության ոլորտը, առաջնայինը աշխատավարձերի ցածր մակարդակն է, հետո գալիս է աշխատատեղերի պակասի խնդիրը․ «Երբ մեզ հարցնում էին ԿԳՆ-ից, թե որն է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցը, պատասխանը մեկն էր՝ աշխատավարձերի բարձրացումը։ Վերջին վեց տարում ուսուցիչների աշխատավարձը չի բարձրացել»։
Բուհերում հանրային վերահսկողության հաստատմանը խոչընդոտում են կառուցվածքային լուծումները, մասնավորապես՝ խոչընդոտ է բուհերի կառավարման խորհուրդների կազմի ընտրության կարգը․ «Բուհերում կառավարման խորհուրդը գտվում են հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հովանու ներքո, այսպիսով՝ բուհերը հասարակության վերահսկողությունից դուրս են: Աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչն այնտեղ դեր չունի»,- ասացին այս ոլորտի պատասխանատուները։
Վերջում արհմիության անդամները համաձայնվեցին, որ առաջնային խնդիրը հենց իրազեկվածության պակասն է հանրության շրջանում, ամեն ինչ սկսվում է սրանից։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Գ․Թ․
Ա․Ս․