Նոյեմբերի 13-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան, գործընկեր 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ միասին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ՊԵԿ նախագահին ուղարկել էր դիմում-դիրքորշում` ՊԵԿ-ի կողմից մշակած «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի վերաբերյալ:
Վերոհիշյալ դիմում-դիրքորոշման մեջ, ի թիվս այլ հարցերի և խնդիրների, նշված էր. «…ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանով հաստատել է «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու մասին» կարգը (այսուհետ՝ Հրաման), որն ուժի մեջ է մտել 2018 թվականի մարտի 11-ից և որի ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունները հաշվետու տարվա համար փաստացի ՊԵԿ են ներկայացրել իրենց հաշվետվությունները, որոնց մեջ ներառվել է իրենց ողջ գործունեության մասին տեղեկատվությունը: Հրամանի կարգավորումներն ուղղակիորեն հակասում են Օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին, քանի որ Հրամանով որևէ նորմ չկա սահմանված, որը կվերաբերի հանրային դրամական միջոցների մասով հաշվետվության ներկայացմանը և պարզ չէ, թե Հրամանն ինչպես է ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստացել (26 փետրվարի 2018 թ, գրանցման համարը՝ թիվ 12418065) և ուղարկվել հրապարակման: Հրամանով նախատեսված կարգավորումները և՛ Օրենքի հետ բովանդակային հակասության առումով, և՛ իրավակիրառ պրակտիկայում բարձրացված հարցադրումների և դրանց վերաբերյալ լիազոր պետական մարմիններից ստացված մեկնաբանությունների համատեքստում մի շարք խնդիրներ են առաջացրել, ինչը հիմք է հանդիսացել որպեսզի հասարակական կազմակերպությունների վրա ոչ իրավաչափ պարտականություն դրվի…»:
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 23-ին, կոմիտեում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերոնշյալ օրինագծերը:
Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը առաջարկել է ուժը կորցրած ճանաչել ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանն այն դրույթների մասերով, որոնցով հրամանը հակասում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև, ըստ վերոհիշյալ դիմում-դիրքորոշմամբ բարձրացված հարցի, ստեղծել ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ` ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով, ինչպես նաև կարգավորել նախագծերով ներկայումս առկա մի շարք այլ իրավական խնդիրներ ևս:
Ի պատասխան ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշել է, որ ՊԵԿ-ը պատրաստ է փոփոխություն կատարել ՊԵԿ նախագահի` 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանում` այն համապատասխանեցնելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծով նախատեսված հաշվետվողականության ընդլայնման չափանիշները մշակելու համար: Աշխատանքային խմբի կողմից մշակվող նախագծերով լրացնել և փոփոխել «Հասարակական կազմակերպությունների» և «Հիմնադրամների» մասին օրենքներում առկա այն կարգավորումները, որոնք խնդրահարույց են՝ իրավական որոշակիության առումով:
Այսպիսով, ՊԵԿ-ը, որդեգրելով կառուցողական երկխոսության մոտեցում, համաձայնվել և կատարել է նոյեմբերի 13-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկեր 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից ՊԵԿ նախագահին ներկայացված դիմում-դիրքորշման երկու կարևոր կետերը: