Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ «ՀամաԶարԿ» կոալիցիայի խորհրդի առաջին նիստը

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «ՀամաԶարԿ» համայնքային զարգացման և մասնակցային կառավարման կոալիցիայի խորհրդի առաջին նիստը: Նշենք, որ այս կոալիցիան իրականացնում է  «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

Խորհրդի նիստին մասնակցում էր կոալիցիայի 9 անդամն կազմակերպություններից 5-ը: Քննարկվեցին մի շարք հարցեր և որոշվեցին դրանց վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել կոալիցիայի ընդհանուր ժողովին:

Խորհրդի նիստին որոշվեց Կոալիցիայի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ գործողությունները համապատասխանեցնել ռազմավարական պլանին ու Կոալիցիայի կանոնադրական նպատակներին, ուստի անհրաժեշտություն է առաջանում նախևառաջ ունենալ ռազմավարական պլան:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: