Commitment to Constructive Dialogue

Գյուղատնտեսական դաշինքը ներկայացրեց կատարված աշխատանքներն ու քննարկեց հետագա անելիքները

Նոյեմբերի 30-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ Գյուղատնտեսական դաշինքի հերթական հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել  «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում Դաշինքի կողմից իրականացվող մի շարք գործողությունների արդյունքները, ինչպես նաև քննարկել դաշինքնի հզորացմանն ուղղված աշխատանքները:

«Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ Գյուղատնտեսական դաշինքի անդամ 7 կազմակերպությունների միջոցով:

Հանդիպմանը ներկա էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով խոսելով «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից 9 կոալիցիաներին տրվող աջակցության մասին, կարևորեց Դաշինքների դերկատարությունը՝ քաղաքականությունների մշակման գործում հատկապես հեղափոխությունից հետո:

«Գյուղատնտեսական դաշինքի կողմից կատարվել է Թաուն հոլ ձևաչափով 4 մարզային քննարկումներ, բավական լուրջ նյութ է հավաքագրվել, որը ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման գործում օգտակար կլինի»,- նշեց պարոն Զադոյանը:

Հանդիպման ժամանակ Դաշինքի փորձագետները ներկայացրեցին պետական աջակցության ծրագրի մոնիտորինգի, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանն ուղղված հետազոտությունների զարգացումները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: