Commitment to Constructive Dialogue

36 ենթադրամաշնորհ հանձնվեց քաղհասարակության կազմակերպություններին և կոալիցիաներին

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, 36 ենթադրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց  քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ՔՀԿ կոալիցիաների հետ:

Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ մինչև 5.5 միլիոն դրամ արժողության 29 ենթադրամաշնորհ հանձնվում է ծրագրի շրջանակում ստեղծված ՔՀԿ ինկուբատորի մասնակից կազմակերպություններին՝ համայնքային ծարգրերի իրականացման նպատակով: Եվ մինչև 8.5 միլիոն դրամ արժողության ենթադրամաշնորհներ են հանձնվում ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 7 ՔՀԿ կոալիցիաներին՝ իրենց կարողությունների զարգացման նպատակով:

 «29 ենթադրամաշնորհներն ուղղված են հիմնականում հանրապետության տարբեր համայնքներում ծրագրերի իրականացմանը: Մենք ակնկալում ենք փոփոխություններ, որոնք կկատարվեն ձեր աշխատանքի շնորհիվ՝ կառավարության և ՏԻՄ-երի հետ համագործակցության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու միջոցով:  Իսկ կոալիցիաներին ուղղված ենթադրամաշնորհները թույլ կտան նորաստեղծ կամ արդեն իսկ գործող կոալիցիաների կարողություններն այնպես ուժեղացել, որ նրանք առավել ազդեցիկ լինեն քաղաքականությունների մշակման, կառավարության հետ կառուցողական երկխոսության հարցում»,- նշեց Կարեն Զադոյանը:

Հայաստանում Եվրոպական միության  պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը իր ողջույնի խոսքում նշեց.

«Մենք հասկանում ենք, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից և ես ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել 2018-ին կատարված այդ աշխատանքի համար: Իհարկե, ես նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ դաշտային աշխատանքների համար: Մեր կարծիքով, ամենամեծ փոփոխությունը դուք եք իրականացնում: Մենք ուրախ ենք Հայաստանում նման աջակցություն ունենալու համար: ԵՄ-ն վստահ է, որ փոփոխություններ չեն կարող լինել՝ առանց ՔՀԿ-ների ներգրավման»,- ասաց նա:

Այսօր տրամադրված ենթադրամաշնորհների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 220 միլիոն դրամ: Նախատեսվում է, որ հաջորդ տարեսկզբին կտրամադրվի ևս 2 ենթադրամաշնորհ ՔՀԿ կոալիցիային (ընդհանուր շուրջ 17 մլն դրամ արժողության):

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին ՔՀԿ 9 կոալիցիայի ծրագրի շրջանակում տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ արժողության 9 ենթադրամաշնորհ՝ ԿԵՀ թիրախային ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով (ընդհանուր շուրջ 225 միլիոն դրամ):

Այսօր ենթադրամաշնորհ ստացած բոլոր ՔՀԿ-ների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: