Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրային թիմի և ծրագրի Կոնսորցիումի անդամ կազմակերպություների տարեկան ժողովը:
Ժողովին ներկա էին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, ԿԵՀ ծրագրի աշխատակիցները:
Ժողովի ժամանակ ներկայացվեցին և ամփովեցին ԿԵՀ ծրագրի 2-րդ տարվա՝ 2018 թվականի գործողությունների և արդյունքները:
Հարկ է նշել, որ 2018թ-ին, այս տարվա մայիսի 31-ին ՔՀԿ 9 կոալիցիայի ծրագրի շրջանակում տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ արժողության 9 դրամաշնորհ՝ ԿԵՀ թիրախային ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով (ընդհանուր շուրջ 225 միլիոն դրամ):
ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 7 ՔՀԿ կոալիցիաներին՝ իրենց կարողությունների զարգացման նպատակով, հանձնվեցին նաև մինչև 8.5 միլիոն դրամ արժողության դրամաշնորհներ:
Նախատեսվում է, որ հաջորդ տարեսկզբին կտրամադրվի ևս 2 դրամաշնորհ ՔՀԿ կոալիցիային (ընդհանուր շուրջ 17 մլն դրամ արժողության):
Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակում անցնող տարում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում ձևավորվեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները, որոնք միտված են նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ինկուբատորի մասնակից կազմակերպություններին 2018 թվականին մրցութային հիմունքներով տրամադրվեցին մինչև 5.5 միլիոն դրամ արժողության ընդհանուր թվով 29 ենթադրամաշնորհ:
Տարեկան ժղովին ներկայացվեցին նաև ծրագրի 3-րդ տարվա առաջիկա գործողությունները:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: