Այսօր՝ հունվարի 9-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիան ծրագրի փոքր դրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ծրագրային պատմողական հաշվետվությունների պահանջները:
Միջոցառման սկզբում ԿԵՀ ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանը ողջույնի խոսքով հանդես եկավ։ Նա ներկայացրեց, թե կազմակերպություններն առաջիկա ամիսներին ինչ առաջնահերթ պարտավորություններ ունեն՝ մաղթելով համատեղ բեղմնավոր աշխատանք:
ԿԵՀ ծրագրի ողջ ընթացքը պետք է լուսաբանվի, թափանցիկ կերպով երևա յուրաքանչյուր կազմակերպության ծրագրի առաքելությունն ու կատարված աշխատանքները:
Մեդիա արշավների, հանրության շրջանում տեղեկատվության ակտիվ տարածման ու հաշվետվողական նյութերի հրապարակմանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մեդիա արշավների մասնագետ/լրագրող Ալիսա Չիլինգարյանը: Նա նշեց, թե ինչ մեթոդաբանությամբ ու հերթականությամբ պետք է կատարվեն վերոնշյալ աշխատանքները:
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: