Հունվարի 29-ին Գյումրիում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան հանդիպում։ Քննարկմանը մասնակցում էին ինչպես քաղհասարակության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացակարգային հարցերը ներկայացրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը։
«Խոսել, բացահայտել, ասել մամուլի կամ լսարանի առաջ այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք առկա են, այդքան էլ հարմար չէ, քանի որ կա պաշտոնական տեսակետ, կան նաև դրան հակազդող՝ անձնական մոտեցումներ ու տեսակետներ, դրա համար էլ պետք է լսարանում ձևավորվի վստահության միջավայր, լսվեն կողմերի դիրքորոշումները, քննադատվեն խնդիրները, առաջարկվեն դրանց լուծումները ու հղում չարվի որևէ պետական կառավարման կամ հասարակական կառույցի ղեկավար անձի, ինչը թույլ կտա ավելի բաց քննարկում ունենալ»,- ասաց Արմեն Գալստյանը:
«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար, «Կոմպաս» ՀԿ ներկայացուցիչ Հայկարամ Դրմեյանը ներկայացրեց «Ճանապարհների սպասարկում» զեկույցը։
Նա նշեց, որ հետազոտության նպատակն է ուսումնասիրել ընտրված 6 խոշորացված համայնքներում ներհամայնքային ճանապարհների սպասարկման ոլորտը և գնահատել համայնքների բնակիչների բավարարվածությունը համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների որակից։
«Մոնիթորինգի առջև դրվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են
- պարզել խոշորացված համայնքներում ընտրված փողոցների և մայթերի ծածկույթի կարգը և որակը,
- բացահայտել ընտրված խոշորացված համայնքների՝ ճանապարհների սպասարկման ապահովվածության աստիճանը,
- պարզել բազմաբնակավայր համայքների ընտրված փողոցների երկայնքով ջրահեռացման համակարգի առկայությունը և վիճակը,
- ուսումնասիրել խոշորացված համայնքներում ընտրված փողոցների երկայնքով անվտանգության միջոցառումների ապահովվածության աստիճանը»,-նշեց Հայկարամ Դրմեյանը։
Նշենք, որ Ախուրյան համայնքում ուսումնասիրվել է 59 փողոց, արվել 162 հարցում, Աշոցք համայնքում՝ 57 փողոց, 137 հարցում:
Մասնակիցերը կարծիքներ հայտնեցին, որ ճանապարհաշինության համար պետք է կոշտացնել ստանդարտների քաղաքականությունը, քանի որ ստանդարտներից դուրս կառուցված ճանապարհները շուտ են շարքից դուրս գալիս, ինչը կրկնակի աշխատանք կատարելու կարիք է ստեղծում։
Պնդելով հակառակ տեսակետը՝ կարծիք հնչեցրեց, որ պետք է նորարարական մոտեցում դրսևորել, քանի որ, օրինակ, ճանապարհային նշաններ դնելիս պետք է հաշվի առնել համայնքի բնակլիմայական պայմանները, քանի որ ողջ հանրապետությունում նույն բարձրությամբ տեղադրված նշանները կարող են արդյունավետ չլինել: Կան համայնքներ, որտեղ ձմռանը առատ տեղումներ են լինում և դրանք կարող են հեշտությամբ փակվել կամ վնասվել:
Ճանապարհների լավ պահպանման համար, մասնակիցների խոսքով, պետք է բնակիչների մոտեցումը փոխվի, որպեսզի բարեխճղորեն օգտագործեն ճանապարհները: Սրան հասնելու համար էլ պետք է ՏԻՄ-ը աշխատանքներ տանի, որոշակի նորմատիվներ մշակվեն, կառուցողական երկխոսություն լինի ՏԻՄ-ի և բնակչության միջև, իսկ մոնիթորինգների ժամանակ պետք է նաև տվյալներ հավաքագրվեն այն մասին, թե արդյո՞ք բնակիչները կատարում են իրենց պարտականությունները, հարկային պարտավորությունները:
Նշվեց նաև, որ ճանապարհաշինության համար ֆինանսավորում գտնելու ու ներհամայնքային ճանապարհները կառուցելիս պետք է ընդհուպ կոնկրետ անձի խնդիրները հաշվի առնել. օրինակ, կինը երեխայի անվասայլակով անցնելիս ինչ խնդիրների է բախվում, որքան է գնահատում իր երեխաների անվտանգությունը՝ առանց փոշոտվելու ու տարբեր վտանգների տեղ հասնելու, և այլն։
Կարծիք հնչեց նաև, որ համայնքներում ճանապարհները պետք է կառուցվեն հաշվի առնելով տնտեսական կոմպոնենտը. օրինակ, շուկա տանող ճանապարհների կառուցումը, և չառաջնորդվել միայն բնակիչների կարծիքով, քանի որ յուրաքանչյուրը կցանկանա իր տուն տանող ճանապարհը կառուցված տեսնել։
Քննարկման արդյունքում եղավ այն եզրահանգումը, որ ՏԻՄ-ը պետք է հաշվի առնի ՔՀԿ-ների կողմից արված մոնիթորինգի աշխատանքները, աշխատանք տանի բնակչության հետ ու ներհամայնքային ճանապարհները կառուցելիս օբյեկտիվ առաջնահերթություն դրանց տա:
Ներհամայնքային ճանապարհների սպասարկմանը նվիրված «Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։