Հունվարի 30-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀԿ-ի կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շնորհանդեսը։
Ծրագրի տևողությունը 6 ամիս է՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսները, իրականացման աշխարհագրությունը՝ ՀՀ Լոռու (Ալավերդի), Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի (Հրազդան) մարզերը։
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության ավագ մասնագետ տիկին Իրինան և այլ տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ պետկան և ոչ պետական սեկտորից։
«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը՝ մշակելով բարելավման առաջարկություններ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող,«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում: