Commitment to Constructive Dialogue

Գումարվեց Հայկական բիզնես կոալիցիայի անդամների ժողովը

Այսօր՝ փետրվարի 12-ին, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում 2018թ. դեկտեմբերի 20-ին սկիզբ դրած «Հայկական բիզնես կոալիցիա»-ի (ՀԲԿ)-ի անդամների ժողովը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ կոալիցիայի կազմումը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղ հավաքել, ինչը հզոր ձայն կունենա ոչ միայն կառավարության հետ երկխոսության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու համար, այլև այլ դոնոր կազմակերպություններից աջակցություն ստանալու համար: Սա կոալիցիային թույլ կտա առաջիկայում մասնակցել ոլորտային բարեփոխումներին:

«Կոալիցիայի զարգացման համար 3 բան է անհրաժեշտ՝ ուժեղ անդամություն, հստակ տեսլական և կառուցողական երկխոսության համար անհրաժեշտ ուժեղ փորձագիտություն, որպեսզի կարողանա հանրային քաղաքականությունների վրա հստակ ազդեցությունուն ունենալ»,-նշեց Կարեն Զադոյանը:

«Կարծում եմ համերաշխության մոտեցումը պետք է լինի կոալիցիայի անդամության և զարգացման հարցերում, հակառակ պարագայում այն կբերի անառողջ մրցակցության»,-հավելեց նա:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանն ուրախությամբ արձանագրեց այն փաստը, որ նման կազմ է հավաքվել մեկ վայրում: «Ի սկզբանե, եթե նպատակ է դրվում, որ պետք է ազդեցություն ունենաս, հարկավոր է, որ «երևիները» դուրս գան առնվազն այն մակարդակով, որը դու կարող ես թմբկահարել: Ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ այսօր խոսվում է «կոալիցիա» բառի մասին»,-նշեց Հակոբ Ավագյանը: Նա նշեց նաև, որ կոալիցիան հարկավոր է իր կանոնադրությունում որոշ հստակեցումներ մտցնի, օրինակ, պետք է կարգավորվի կոալիցիային անդամակցելու պայմանները և այլն:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը ներկայացրեց կոալիցիայի նպատակները, առաջադրված խնդիրները, թիրախային ոլորտները:

Նա նշեց, որ այժմ հատկապես ՓՄՁ նոր ռազմավարության պակաս կա:

«Վերջին ռազմավարությունը 2016-17 թվականների համար է եղել, ինչն արդեն ավարտվել է, իսկ նոր ռազմավարություն չկա, ինչը հիմնախնդիրներից մեկն է: Մյուս խնդիրը ՓՄՁ ռազմավարության մշակման, բարելավան, մշտադիտարկման և ջատագովության իրականացման գործընթացներում քաղհասարակության կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների մասնակցության միջև եղած թույլ մեխանիզմներին»,-նշեց Գագիկ Վարդանյանը:

Ոլորտի բարելավման համար կարևորվեց նաև բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, բիզնեսի, ներառյալ նաև սոցիալական ձեռնարկատիորթյան հարցերով ընդհանուր կրթության պետական քաղաքականության էական բարելավման,  ուսումնական ժամանակակից ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտությունը:

Քննարկումների արդյունքում որոշում ընդունվեց հաստատել կոալիցիայի կանոնակարգը` հնարավորություն ընձեռնելով երկշաբաթյա ժամկետում խմբագրական փոփոխություններ կատարել կոալիցիայի նպատակների և անդամակցության հարցերում:

Այնուհետև ձևավորվեց նաև ՀԲԿ կառավարման խորհուրդը, իսկ կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Փոքր և միջին բիզնեսների հիմանդրամի նախագահ Գագիկ Պողոսյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: