Commitment to Constructive Dialogue

Փոխնախարարներն ընդունել են «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի ներկայացուցիչներին

Փետրվարի 7-ին  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի ներկայացուցիչների հետ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով իրականացնող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

Հանդիպմանը ներկա էին նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարի տեղակալ Արման Ուդումյանը,  սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և ծրագիրն իրականացնող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը,  ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանը:

Հանդիպման հիմնական նպատակը  «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի իրականացման արդյունավետության և համագործակցության հարցերի  քննարկումն էր։ Նշենք, որ ծրագրի նպատակն է Նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի (Հրազդան) մարզերը։

Հանդիպման ընթացքում կարևորվեց սոցիալական աջակցության ոլորտում տարվող բարեփոխումներին քաղհասարակության կառույցների մասնակցությունը, պետական և ոչ պետական սեկտորների համագործակցությունը, և մասնավորապես այս ծրագրի շրջանակներում՝ մի կողմից ՀՀԱԿ ՀԿ-ի և մյուս կողմից նախարարության և վերջինիս տարածքային ներկայացուցչական մարմինների միջև համագործակցությունը, այդ համագործակցությանը վերաբերող հուշագրի կետերը, կնքման ժամկետները և ակնկալվող արդյունքները։ Ծրագրի ավարտին պատասխանատուները նախարարությանը կներկայացնեն առաջարկությունների փաթեթ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների դեպքերին արձագանքման, դեպքի վարման, Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական աջակցության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության մեխանիզմների բարելավմանը։