Commitment to Constructive Dialogue

Քաղհասարակության կազմակերպությունների 10 կոալիցիա համագործակցության համընդհանուր ցանց ստեղծեցին

Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ, որոնց անդամակցում են շուրջ 250 կառաույցներ, համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿների կառուցողական երկխոսության ցանցը:

Առաջիկա օրերին համագործակցության հռչակագիրը պետք է հաստատվի այն ստորագրած ՔՀԿ-ների կոալիցիաների իրավասու մարմինների կողմից:

Ուժերը համախմբելու և այն իրավական հիմքի վրա դնելու այս գաղափարը ծնվեց և մշակվեց փետրվարի 14-16-ը Աղվերանում ԿԵՀ  ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովի արդյունքում:

Աշխատաժողովին 9 կոալիցիաների ներկայացուցիչները մյուս գործընկերներին ներկայացրեցին իրենց   գործունեության հիմնական նպատակներն ու ԿԵՀ-ի ենթադրամաշնորհային ծրագրով կատարված աշխատանքները, հիմնական խոչընդոտները: Քննարկումների արդյունքում մասնակիցները եկան այն եզրահանգման, որ միմյանց հետ աշխատելու և համատեղ արդյունքներ ունենալու հնարավորությունները մեծ են:

«Սա նոր որակի համագործակցություն է, հուսով եմ կնպաստի հանրային կյանքի, սոցիալական, տնտեսական տարբեր ոլորտներում առկա հիմնական և կարևրոգույն խնդիրների լուծմանը»,- ասաց ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Այսպիսով, հռչակագիրը ստորագրվեց  նշյալ 10 ՔՀԿ-ների կոալիցիաների կողմից`

  • «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում) ,
  • Համայնքների զարգացման և մասնակցային  կառավարման կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայաստանի գյուղատնտեսական դաշինք (հզորացվում է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայկական բիզնես կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայկական կրթական ցանց (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց (հզորացվում է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայաստանի ՔՀԿների կոալիցիաների կառուցողական երկխոսության ցանցի հիմնադրման մասին

Հիմք ընդունելով հանրային կյանքի և սոցիալտնտեսական տարբեր ոլորտներում ծառացած կարևորագույն խնդիրների լուծման անհրաժեշտությունը,

կարևորելով ՀՀում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿների) կոալիցիաների միջև համագործակցությունն ու համերաշխությունը,

համոզված լինելով, որ հանրային խնդիրների  լուծման  գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն քաղաքացիական հասարակության գործուն ներգրավմամբ, ՔՀԿների ոլորտային մասնագիտացված կոալիցիաների եւ ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի, ՏԻՄերի, ինչպես նաև միջազգային և այլ տեղական կառույցների հետ իրական գործընկերության ու կառուցողական երկխոսության ձեւավորմամբ ու զարգացմամբ,

նպատակ ունենալով նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խթանել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի  մասնակցությունը.

Սույն Հռչակագրին մասնակից ՔՀԿների կոալիցիաները ազդարարում են իրենց ռազմավարական նպատակների իրականացման շուրջ համագործակցության եւ գործընկերության մասին՝ հռչակելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության  ցանցի հիմնադրումը:

Հայաստանի ՔՀԿների կառուցողական երկխոսության ցանցի նպատակներն են.

  • ուժեղացնել ՔՀԿների կոալիցիաների միջև միջոլորտային կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը,
  • զարգացնել փոխադարձ վստահության վրա հիմնված ՔՀԿների կոալիցիաների կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի և ՏԻՄերի հետ` քաղաքացիների համար կարևորագույն խնդիրների լուծման քաղաքականությունների մշակման, իրականացման և հանրային վերահսկողության գործում,
  • զարգացնել ՔՀԿների կոալիցիաների կարողությունները հանուն հանրային քաղաքականությունների բարելավման և հանրային վերահսկողության իրականացման,
  • Հայաստանի, Սփյուռքի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ` ՔՀԿների կոալիցիաների և անդամ կազմակերպությունների ծրագրերի իրականացման ու գործունեության ֆինանսական կայունության ապահովման համար:

Հայաստանի ՔՀԿների կառուցողական երկխոսության ցանցը կամավորական հիմունքներով ոչ ֆորմալ համագործակցային կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպում է անդամ ՔՀԿների կոալիցիաների ներկայացուցչական և/կամ գործադիր ղեկավարներից կազմավորված խորհրդի կողմից առնվազն 3 ամիսը մեկ անգամ` համատեղ հավաքի կամ էլեկտրոնային եղանակով հրավիրված նիստերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր նիստ, ըստ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում է ՔՀԿների կոալիցիաներից մեկի ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ՔՀԿների կառուցողական երկխոսության ցանցի անդամ ՔՀԿների կոալիցիաների խորհուրդը հաստատում է ցանցի և/կամ ցանցի խորհրդի կանոնակարգ, ստեղծում է միջոլորտային հանձնաժողովներ, ընդունում է հայտարարություններ և կիրառում է հանրային քաղաքականությունների բարելավման ու հանրային վերահսկողության իրականացման ողջ գործիքակազմը: Հայաստանի ՔՀԿների կառուցողական երկխոսության ցանցի խորհուրդը ձևավորված է համարվում սույն Հռչակագրի ստորագրման պահից:

Սույն Հռչակագիրը ի պահ է տրվում «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրին` հանձինս Իրավաբանների հայկական ասոցիացիայի, որը ժամանակավորապես կատարում է ցանցի քարտուղարության գործառույթները:

Հռչակագիրը բաց է ՔՀԿների կոալիցիաների համար:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։