Commitment to Constructive Dialogue

«Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ծրագրի  ներկայացուցիչները հանդիպել են ավագ դպրոցի աշակերտների հետ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրաշնորհի շրջանակում իրականացվող «Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ծրագրի  ներկայացուցիչները փետրվարի 28-ին այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և հանդիպեցին ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ: 

Հանդիպման ընթացքում սովորողները պատմեցին իրենց ուսումնառության մասին, խոսեցին ուսուցման համակարգի դրական և բացասական կողմերի մասին:
 
Աշակերտները, որպես ավագ դպրոցների բացասական կողմ նշեցին, որ բացակայում է մրցակցային կրթությունը, ինչը նպաստում է աշակերտի սովորելու մոտիվացիայի վրա: Ըստ վերջիններիս՝ այս պայմաններում աշակերտի նպատակն է դառնում ոչ թե կրթություն ստանալը, այլ՝ քննություններ հանձնելը: 
 
Աշակերտների կողմից նշվեց, որ  կրթահամալիրի ավագ դպրոցում իրենք ծանրաբեռնված չեն ավելորդ առարկաներով, իսկ առարկաների ժամաքանակը՝ ողջամիտ է: Դրական և ամենակարևոր կողմերից են համարում նաև մասնագիտական առարկաների ընտրությունը և անհատական դասացուցակ ունենալու հնարավորությունը:
 
 Քննարկվեց վերջիններիս ներդրման հնարավորությունը մնացած ավագ դպրոցներում, սակայն աշակերտները մտահոգություն հայտնեցին, որ միայն մասնագիտական առարկաների առկայությունը կարող է բավարար չլինել: Ըստ նրանց՝ համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների խնդրի առաջ կարող ենք կանգնել:
 
Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը նշեց, որ կրթահամալիրը համարվում է փորձարարական դպրոց: Արտասահմանյան փորձի հիման վրա  առաջինը կրթահամալիրում է փորձարկվում  կրաթական տարբեր մեթոդներ, ձևաչափեր:  Մ. Ասատրյանի խոսքով՝ կրթության և գիտության նախարարությունը միշտ չէ, որ հաշվի է առնում իրենց փորձը, այն դեպքում, երբ այդ փորձը կարևոր է մյուս դպրոցների կրթության որակը բարձրացնելու համար:
 
Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում հնարավոր հետագա համագործակցության հնարավորությունները: