Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին, Վանաձորում տեղի ունեցավ «ՓՄՁ զարգացման ռազմավարության մոնիթորինգ և գյուղատնտեսական կայուն զարգացում» թեմայով քննարկում։
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Քննարկման ժամանակ փորձագետ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց 2016-2018 ՓՄՁ ռազմավարության մոնիթորինգ և նոր ռազմավարության մշակման կարևոր ուղղությունները: Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Գոմկցյանը ներկայացրեց Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն խորագրով ծրագիրը։
ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալվեց՝ արդյոք ՓՄՁ ռազմավարությունը պետք է լինի ընդհանրական փաստաթուղթ, թե պետք է կազմված լինի առանձին ճյուղերի զարգացման տեսլականների հիման վրա:
Մասնակիցները կարևորեցին մոնիթորինգի իրականացումը, որը պետք է հիմք հանդիսանա ապագայում ՓՄՁ նոր ռազմավարության մշակման համար: Քննարկվեց նաև ֆերմերական տնտեսությունների հիմնախնդիրները ինչպես հարկային կարգավորումների շրջանակներում, այնպես էլ գյուղական համայնքներում տեխնիկական միջոցների կայանների ներդրման հարցում: