Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ թվով երկրորդ կլոր-սեղան քննարկումը՝ ՀԿ-ների հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման հարցերի շուրջ:
Ծրագիրն իրականացնող «Զարգացման սկզբունքներ» ՀԿ ներկայացուցիչ, «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի» ղեկավար Անահիտ Ղազանչյանը քննարկման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ներկայության համար՝ նշելով, որ դրա համաձայն քննարկման մասնակիցները համոզված են իրենց կողմից կատարվող աշխատանքի արդյունավետության վրա:
«Սա մեր երկրորդ հանդիպումն է ու մենք այժմ շարունակում ենք թեման: Այժմ հնարավորություն կա հնչեցնել հարկային դաշտի հետ կապված բոլոր հարցադրումները, օրինակ, ինչպես պետք է հասարակական կազմակերպությունը գործի, ինչպես պետք է կարգավորի իր հարաբերությունները դոնորի, պետական մարմինների հետ»,-նշեց նա:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը նշեց, որ առաջին քննարկումը շատ ակտիվ է անցել ու կարևոր հարցադրումներ են հնչել. «Ծրագրի նպատակն է կառուցողական երկխոսության ապահովումը՝ քաղհասարակության և պետական մարմինների միջև, որպեսզի համատեղ ջանքերի, աշխատանքի ու համաձայնության միջոցով լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնց հետ մենք առնչվում ենք և նպատակն է անցյալում թողնել այդ խնդիրները»,-ասաց Մարատ Ատովմյանը:
Ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը ներկայացրեց նախորդ քննարկման արդյունքները հասարակական կազմակերպությունների՝ ոչ առևտրային գործունեության արդյունքում առաջացող հնարավոր հարկային ռիսկերի վերաբերյալ, ինչպեսև դրամաշնորհ տերմինի ընդունելի սահմանումը, պարտադիր աուդիտի դրույթի վերաբերյալ առաջարկությունները, եկամտային հարկի հաշվարկման առանձնահատկությունները:
Նա նաև ներկայացրեց դրամաշներհների վերաբերյալ միջազաժգային փորձը՝ մանրամասնելով, թե որ երկրում ինչպես են հարկվում հասարակական կազմակերպությունները:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: