Եվրամիության կողմից ֆինանանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձևավորված` Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան մարտի 14-ին անց է կացրել թվով երրորդ նիստը։
Հանդիպումը տեղի է ունեցել «Town Hall» ձևաչափով՝ նպատակ հետապնդելով վերհանել էներգետիկ ոլորտի հիմնահարցերը։ Հանդիպմանը մասնակցել են կոալցիայի անդամները, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համապատասխան ներկայացուցիչը, Հայաստանի բիզնես կոալիցիայի նախագահը, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ։
Ավելի քան երկու տասնյակ ՔՀԿ-ներից ձևավորված ՔՀԿ-ների կոալիցիայի նպատակներից են` կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակումը և ջատագովումը, ՏԻՄ-երի էներգաարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը։
Կոալիցիայի երրորդ նիստի ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից մեկի` «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի էներգետիկ ոլորտի միջոցառումները և առաջարկվող փոփոխությունները, ոլորտի օրենսդրական և քաղաքականության խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքները:
Աստղինե Պասոյանը նշեց, որ քննարկումներ են եղել կառավարության, համապատասխան գերատեսչությունների հետ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ ստորագրվել է հուշագիր, և այն դարձել է մեր կոալիցիայի լուսաբանող պաշտոնական գործընկերը:
Կոալիցիայի նիստի ընթացքում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ»-ի Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը ներկայացրեց «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցի նախագիծը: Ինչպես նշեց Թամարա Բաբայանը՝ պետական գնումներ կատարողների մեծ մասն այդ համակարգից շատ մանրուքների չի տիրապետում, այդ պատճառով մշակվել է «Էներգաարդյունավետ գնումների ուղեցույց», որը պետական գնումներով զբաղվողներին ավելի պարզ լեզվով կբացատրի այդ գործընթացը։
Նիստի մասնակիցները քննարկումներ ունեցան նաև «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրի էներգետիկ ոլորտի միջոցառումների և կոալիցիայի կարողությունների զարգացման վերաբերյալ:
Մասնակից կազմակերպությունների կողմից բարձրաձայնված խնդիրները, ինչպես նաև առաջարկությունները արձանագրվեցին՝ հետագայում ՀՀ կառավարությանը ներկայացվելիք առաջարկությունների փաթեթի մեջ ներառելու համար։
Հարկ է նշել նաև, որ երրորդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ Կոալիցիայի հռչակագրին նոր ՔՀԿ-ների միացման արարողություն, որից հետո մասնակիցներին ներկայացվեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կարողությունների զարգացման 2-րդ ենթադրամաշնորհային ծրագիրը: ՔՀԿ-ների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին և իրենց առաջարկությունները ներկայացրեցին կոալիցիայի կարողությունների զարգացման, ինչպես նաև կոալիցիայի ներքին փաստաթղթերի վերաբերյալ:
«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագիր Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի 3-րդ նիստ՝ Թաունհոլ ձևաչափով քննարկումների արդյունքների վերլուծություն։