Ապրիլի 17-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհային «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցան երկու ֆոկուս-խմբային քննարկումներ՝ բժշկական կենտրոնի բժիշկների և բուժքույրերի հետ:
Առաջին ֆոկուս-խմբային քննարկմանը մասնակցում էին միայն Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները: «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արև Պետրոսյանի և ծրագրի շրջանակներում ընդգրկված սոցիոլոգ Մելինե Ղարաքեշիշյանի կողմից տրվեցին մի շարք հարցեր՝ կապված ինչպես ընդհանուր առողջապահության ոլորտի, այնպես էլ Սպիտակ քաղաքի բնակիչների սպասարկման կարգի հետ:
Բժիշկների կողմից մատնանշվեցին մի շարք խնդիրներ, որոնք ծրագրի շրջանակներում պիտի ներկայացվեն Առողջապահության նախարարություն: Մասնավորապես խնդիրները վերաբերում էին բժշկական ապահովագրության պարտադիր լինելու անհրաժեշտությանը, հասարակությանը անվճար բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ ոչ ճշգրիտ ինֆորմացիայի տարածմանը, ամբուլատոր-պոլիկնինիկական բժշկական հաստատությունների նկատմամբ հասարակության վստահության պակասին և այլ կարևորագույն խնդիրներ:
Երկրորդ ֆոկուս-խմբային քննարկումը իրականացվեց Վանաձորի բժշկական կենտրոնի բուժքույրերի հետ:
Քննարկման ընթացքում նրանց կողմից բարձրացվեցին խնդիրներ կապված աշխատավարձի, բուժքույրերի թվի պակասի և ոչ ճիշտ տեղաբաշխման հետ:
Կարևորագույն խնդիրներից մեկը նաև դեղերի, անհրաժեշտ պարագաների անորակության խնդիրն էր, քանի որ նրանց կարծիքով գնման գործընթացի արդյունքում ձեռք են բերվում ամենաէժան դեղերն ու բժշկական սպասարկման պարագաները:
Նշենք, որ «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Լոռու մարզում առողջապահության ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից: