Եվրամիության կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի կողմից գործարկվող «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգ և բարելավում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2019թ. մարտի 6-ից մինչև մայիսի 7-ը Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան իրականացրել է 10 մարզային այցելություններ՝ կազմակերպելով հանդիպում-քննարկումններ 375 տնտեսվարող սուբյեկտների հետ Հրազդան, Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Վանաձոր, Գյումրի Գավառ, Դիլիջան, Կապան և Եղեգնաձոր համայնքներում:
Հանդիպումների ընթացքում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման կարգով ներկայացրել է շրջանառության հարկի գործող համակարգի, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության նախագծով նախատեսված միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, որից հետո համատեղ քննարկվել են շրջանառության հարկի համակարգում աշխատելու ընթացքում առաջացած և միկրոձեռնարկատիրության համակարգում կանխատեսվող հավանական խնդիրները:
Տնտեսվարող սուբյեկտները ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ լրացնելով դրանք նախապես մշակված թերթիկներում, որոնք կվերլուծվեն Ծրագրի փորձագետների կողմից, որի արդյունքում էլ կմշակվի առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և կներկայացվի համապատասխան պետական գերատեսչություններին:
Հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև տարբեր համայքների ղեկավարներ՝ կարևորելով այսպիսի ծրագրերի իրականացումը մարզերում և պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի հետ և միշտ աջակցել նմանատիպ միջոցառումների իրականացմանը:
Հավելենք, որ ծրագրի նպատակն է հանդիպում-քննարկումների միջոցով վեր հանել տնտեսվարող սուբյեկտների այն խնդիրները, որոնք առաջացել են հարկման այլընտրանքային համակարգերում աշխատելու ընթացքում, քննարկումների միջոցով գտնել անհրաժեշտ լուծումներ, ներկայացնել դրանք համապատասխան պետական գերատեսչություններին և հետամուտ լինել այդ խնդիրների արդյունավետ լուծումներին: