Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից հործարկվող «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գյումրիում՝ մայիսի 10-ին, մամուլի ասուլիս է կազմակերպվել Մեդիա երկխոսության կենտրոնում:
Ծրագիրն իրականացվում է «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Հանդիպմանը մասնակցում էին Ախուրյան, Ազատան և Մարմարաշեն համայնքենրի ղեկավարները, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 17 մասնակից։
Բացման խոսքով հանդես եկավ «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար՝ Մելսիդա Կիկոյանը, ով ներկայացրեց ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները և ակնկալվող արդյունքները և նշեց, որ 2015-17 թվականներին ՀՀ-ում իրականացված վարչատարածքային բարեփոխումների շրջանակում խոշորացման է ենթարկվել 465 համայնք և ձևավորվել 52 համայնք։
Գործընթացում դեռևս չի ընդգրկվել 450 համայնք, ինչը կազմում է մինչ բարեփոխումների մեկնարկը եղած համայնքների (915 համայնք) գրեթե կեսը: Վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում իրականացված են կիսով չափ:
Համայնքների խոշորացման 1-ին և 2-րդ փուլի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ են, սակայն ամենամեծաքանակ (2017թ-ին խոշորացվեց 325 համայնք և ձևավորվեց 34 բազմաբնակավայր համայնք) և փնջերի ձևավորման բազմազանությամբ տարբերվող խոշորացման 3-րդ փուլը դեռևս ուսումնասիրված չէ։
Ներկայումս Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ն «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է վարչատարածքային բարեփոխումների 3-րդ փուլում խոշորացված 17 համայնքում բարեփոխումների արդյունավետության գնահատում (համաթվի հաշվարկի մեթոդով) և խոշորացման մոդելների արդյունավետության համեմատություն:
Ծրագրի փորձագետ Արսեն Աբրահամյանը առավել մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակները և նշեց, թե ինչու են ընտրվել այդ 17 համայնքները: