Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին տեղի ունեցավ հանդիպում՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ի ղեկավար Արթուր Մելիքսեթյանը ծրագրի շրջանակներում հավաքագրված և իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին Վանաձորի քաղաքապետին:
Հարցերը հիմնականում վերաբերում էին Վանաձորում գործող ներառական մանկապարտեզների գործունեությանը, դրանց թվի և հետագայում այդպիսի մանկապարտեզների ընդլայման անհրաժեշտությանը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով մանկապարտեզների ներառական կրթության իրականացումը պայմանավորված է տվյալ մանկապարտեզի նախաձեռնողականությամբ, իսկ հետագայում արդեն քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ուսումնասիրության միջոցով՝ պարզելու համար մանկապարտեզի համապատասխանությունը:
Վանաձորում այժմ գործում են 2 ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզներ, որոնց հետ ծրագրի շրջանակներում անընդհատ կազմակերպվել են հանդիպումներ:
Նշենք, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: