««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի եւ «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների զարգացում» շրջանակներում իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր պարզել համայնքապետարանների կողմից ներհամայնքային ճանապարհների եւ փողոցների պահպանության, շահագործման եւ նորոգման, աղբահանություն եւ սանիտարական մաքրման եւ ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների արդյունավետության վերաբերյալ բնակչության գնահատականը, վերլուծել թիրախ համայնքների բյուջետային միջոցների արդյունավետությունը մասնակցային մոնիթորինգի միջոցով, աջակցել թիրախ համայնքապետարանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների առավել արդյունավետ մեխանիզմների նեդրմանը:
Մայիսի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեցին երեք ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները, առաջարկությունների փաթեթները՝ ՏԻՄ-երին եւ քաղաքականություն մշակողներին։
Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ծրագրում ընդգրկված խոշորացված համայնքների ղեկավարները, այլ պաշտոնատար անձինք։
Ողջույնի խոսքում «Կոմպասս Կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու կարեւորությունը: «Մենք մեր ծրագրի գաղափարի մեջ ունենք այն միտքը, որ համայնքների զարգացմանը պետք է հասնել եռակողմ՝ պետություն– համայնքներ – քաղաքացիական հասարակություն հարթակի միջոցով, ու այս ծրագրի շրջանակներում էլ աշխատել ենք այս մոդելով: Բացի այդ, ստեղծվել է «ՀամաԶարկ» կոալիցիան, որի կազմում են 34 հասարակական կազմակերպություններ Հայաստանի բոլոր մարզերից»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:
ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորեց նախաձեռնությունը եւ կարծիք հայտնեց, որ դրա կարիքը այս պահին կար: «Ժամանակն է փորձագիտական ու մասնագիտական հարթակներում մոնիթորինգների ու հետազոտությունների արդյունքում ձեւավորել նոր տպավորություններ ու եզրակացություններ, որոնք թույլ կտան ավելի էֆեկտիվ լուծումներ գտնել ու կիրառել տեղական ինքնակառավարման համակարգում: Իմ համոզմամբ համայնքների միավորումը ավելի մեծ շանսի բերող ռեֆորմ է, սակայն դա չի լինի ինքնըստինքյան, առանց ճիգերի, առանց նպատակասլացության: Հատկապես, ընտրված 3 ոլորտները այս պահին ամենաքննարկվող ուղղություններ են, քանի որ խոշորացված համայնքների շրջանակներում այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Այս հարթակը պետք է վեր հանի ոչ այնքան խնդիրներ, քանի որ դրանք հիմնականում տեսանելի են, այլ դրանց լուծման ճանապարհներն ու ուղիները»,-նշեց Վաչե Տերտերյանը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոսեց ծրագրի արդյունքի գործնական նշանակության մասին՝ շնորհակալություն հայտնելով նաեւ իրականացնող կառույցներին եւ Եվրոպական Միությանը: «Սա ոչ միայն արդյունք է՝ որպես համապարփակ վիճակագրական տեղեկատվություն համայնքներում այս ոլորտների վիճակի մասին, այլ նաեւ շատ օգտակար մեթոդաբանություն, որով հանրությունը գնահատելու է համայնքների աշխատանքը: Սա լավ գործիք է ընկալելու այն վերջնարդյունքը, որով գնահատվելու է ՏԻՄ աշխատանքները, որովհետեւ շատ հաճախ համայնքները ունեն ցանկություն ու պատրաստակամություն լավ աշխատանք տանելու, սակայն դժվարություններ կան մեթոդաբանության հարցում, ու այս գործիքը հնարավորություն կտա նրանց ավելի լավ պատկերացնելու չափանիշներն ու հասնելու լավ արդյունքի»,- նշեց Տիգրան Պետրոսանը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի թիմի անունից բարձր գնահատեց «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի թիմի աշխատանքը եւ գրանցած արդյունքը: «Մենք թիրախավորել ենք տարբեր ոլորտներ, որոնցից մեկը տեղական ինքնակառավարումն է, ու այս ոլորտում մենք նպատակ էինք դրել համայնքներ – քաղհասարակություն համագործակցության արդյունքում հասնել քաղաքականությունների փոփոխության, ու այս ծրագիրը շատ լավ է արձագանքում դրված խնդրին: Այս ծրագիրը նախ ապահովում է մասնագիտական ցուցանիշներով հիմնավորված հետադարձ կապ համայնքների կողմից մատուցված ծառայությունների մասով, ու համակարծիք եմ, որ այս աշխատանքները կարելի է մասսայականացնել, անցկացնել նաեւ մյուս համայնքներում: Երկրորդ արդյունքն էլ այն է, որ ստեղծվեց «Համազարկ» կոալիցիան: Սա այս գործընթացը վերածեց շարժման ու դրական փոփոխություններ բերելու միտում ունի»,-նշեց Էմին Երիցյանը:
Այնուհետեւ ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը ներկայացրեց ծրագրի զեկույցների ամփոփ արդյունքները՝ անդրադառնալով աղբահանության, փողոցային լուսավորության ու ներհամայնքային ճանապարհների սպասարկման ոլորտում առկա խնդիրներին: Լոռու եւ Տավուշի մարզերի համակարգողներ Սյուզան Հովսեփյանն ու Արթուր Ղազարյանն էլ ներկայացրեցին «ՀամաԶարկ» կոալիցան, վերջինիս առջեւ դրված նպատակները եւ այս ուղղությամբ կատարված աշխատանքները:
«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում ծրագրի զեկույցներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:
Հավելենք, որ ծրագրի բյուջեն կազմում է 24986000 ՀՀ դրամ, որից 22516000 ՀՀ դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից։ Ծրագրի տեւողությունն է՝ 2018 թ. hունիսի 1-ից մինչեւ 2019 թ. մայիսի 30-ը։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: