Հունիսի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցավ «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագրի փորձագետներ, «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի անդամներ Գերասիմ Բարսեղյանի, Շուշան Ղահրիյանի և Օֆելիա Գրիգորյանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Լուսինե Բադալյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Սարգիս Ալեքսանյանը և Սրբուհի Գրիգորյանը: Ծրագրի փորձագետները հանգամանորեն ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացված «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրները» խորագրով հետազոտության արդյունքները:
Քննարկման մասնակիցները հատկապես կարևորեցին հետազոտության՝ նպաստառու ընտանիքների անդամների աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված խնդիրների և նրանց կայուն աշխատանք ունենալու հնարավորությունների վերաբերյալ առաջարկները: Բոլորը համակարծիք էին, որ նպաստների համակարգում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումներ իրականացնելու ժամանակը: Նպաստների համակարգը պետք է լինի առավել ճկուն, մոտիվացնող, արդար և հասցեական: Միայն այս դեպքում այն կարող է ծառայել ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը և աղքատության հաղթահարմանը:
ԱԺ պատգամավորները կարևորեցին հետազոտության տվյալները և նշեցին, որ վերլուծական տեղեկանքում արված եզրակացություններն ու առաջարկները հատկապես կօգտագործվեն այդ ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրագործման ժամանակահատվածում՝ սպասվելիք հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքում: ԱԺ պատգամավորները բարձր գնահատելով քննարկումը, պատրաստակամություն հայտնեցին շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը:
«Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագիրն իրականացնում է «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԵՄ-ի ֆինանսավորմամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ կոնսորցիումի կողմից գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակներն են.
- նպաստառու ընտանիքների շահերի, նրանց անդամների իրավունքների պաշտպանության հարցում գործատուների, սոցիալական ոլորտի ներկայացուցիչների դերի գնահատումը՝ նպաստառու ընտանիքի անդամների աշխատանքի անցնելու հետ կապված խնդիրների հաղթահարման հարցում,
- նպաստառու ընտանիքների շահերի և նպաստառու քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված հիմնարար առաջարկների մշակումը,
- նպաստների համակարգի բարելավմանն ուղղված թիրախային առաջարկների մշակումը և պատկան մարմիններին ներկայացումը: