Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետներ Լուսինե Նալբանդյանը և Նարեկ Ենոքյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և Գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են դատախազությունում 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը և ներկայացվել են դիտարկումներ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի փորձագետ Լուսինե Նալբանդյանը ողջունեց այն հանգամանքը, որ հայտում ռազմավարական տեսանկյունից առանձնացված են թիրախներ։ Մյուս կողմից, նա նշեց, որ այդ թիրախներին հասնելու միջոցառումները և արդյունքային ցուցանիշները հստակ չեն, մասնավորապես դատախազության լիազորությունները չեն կարող կազմել մեկ ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ամբողջ բովանդակությունը։
Փորձագետ Նարեկ Ենոքյանն առաջարկեց, որ վերանայվի դատախազության ծառայողների վերապատրաստման փիլիսոփայությունը և նախատեսվեն հնարավորություններ նրանց հակակոռուպցիոն կարողությունների ուժեղացման համար, այդ թվում միջազգային լավագույն հակակոռուպցիոն ակադեմիաներում ուսանելու համար։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը առաջարկեց բյուջետային հայտերը կազմելիս առաջնորդվել ԵՄ-Հայաստան համաձայնագրով ամրագրված դրույթներով ևս։
Ներկաները փաստեցին, որ հանդիպումը կառուցողական էր, իսկ պարոն Նավասարդյանը ամփոփեց, որ նման փոխհամագործակցությունը ողջունելի է, քանի որ փորձագետները սրտացավորեն առաջարկներ են անում՝ ուղղված հայտերի բարելավմանը: