Արթիկում անցկացվեցին Կայուն էներգիայի օրեր: Հունիսի 19-ին Արթիկ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցան Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների դպրոցականներին ուղղված և նրանց մասնակցությամբ կրթական, իրազեկման միջոցառումներ: Դրանք իրականացվեցին Եվրամիության կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ձևավորված «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկայի» ՔՀԿ-ների կոալիցիայի կողմից՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի աջակցությամբ: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:
«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ տնօրեն Աստղինե Պասոյանը՝ դիմելով դպրոցականներին, ասաց. «Մեզ համար կարևոր է այն, որ դուք հասկանաք՝ էներգախնայողությունն ուղղակի թեմա չէ, ինչպես օրինակ կենսաբանությունը, ֆիզիկան, մաթեմատիկան: Կայուն էնեգետիկան Հայաստանի համար ամեն օրվա, երկրի համար, ընտանիքի համար, գործարանի համար կարևոր խնդիր է»: Աստղինե Պասոյանը հույս հայտնեց, որ հավաքված երիտասարդներից շատերը ապագայում կհամալրեն իրենց շարքերը, քանի որ կարիք կա կայուն էներգետիկայի մասնագետների, ինժեներների ջերմատեխնիկների:
Արթիկը ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած ՀՀ 24 համայնքներից է: Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Փթուկյանը նշեց, որ Էներգիայի օրերը նպատակ ունեն իրազեկելու՝ ինչ է էներգախնայողությունը. «Համայնքում երկու մեծ ծրագիր է կատարվել՝ արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը և կառուցվելու է արևային ֆոտովոլտային կայան՝ մինչև մեկ մեգավատ հզորության: Այս տարի պիտի սկսվի շինարարությունը. հիմա նախագծման փուլն է»:
Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը տեղեկացրեց՝ Արթիկը մշակել է զարգացման գործողությունների ծրագիր, որի համաձայն՝ մինչև 2020 թ.թ. միջոցառումներ պետք է իրականացնի էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որ ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020-ը 20 տոկոսով նվազեցվեն: Հայաստանը հանածո վառելիքների ռեսուրսներ չունի, և պետք է հույսը դնենք էներգախնայողության վրա, որը նույնպես էներգետիկ ռեսուրս է»:
Ելույթներով հանդես եկան նաև «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ նախագահ Մելսիդա Կիկոյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը և «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պետրոսյանը:
Արթիկում ընթացող էներգիայի օրերի շրջանակում անցկացվեց «Կայուն էներգետիկա» խորագրով մանկապատանեկան խաղ-մրցույթ և նկարչական մրցույթ, որոնց մասնակցեցին 11-16 տարեկան 40 երեխաներ Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներից:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթեց Հարթավան, Ծաղկաշեն, Լուսագյուղ համայնքերը ներկայացնող թիմը:
Խաղ-մրցույթի և նկարչական մրցույթի բոլոր մասնակիցները ստացնա կազմկերպիչների կողմից պատրաստված նվերներ և պատվոգրեր: