Commitment to Constructive Dialogue

Կայացավ «Պետություն-ՔՀԿ համագործակցություն» աշխատաժողովը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում գործարկվող «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի շրջանակում հունիսի 20-ին տեղի ունեցավ «ՀԿ կենտրոնի» կողմից կազմակերպված «Պետություն-ՔՀԿ համագործակցություն» աշխատաժողովը:
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը: Նա ողջունեց ներկաներին՝ ներկայացնելով ԿԵՀ ծրագիրը:

Աշխատաժողովի նպատակն էր բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ կենտրոնանալով բարելավման առաջարկությունների համատեղ քննարկման և հետագա գործողությունների պլանի մշակման վրա:

«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի նպատակն է` խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների ու ծառայությունների պատվիրակման գործընթացի մրցութային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են մոնիթորինգային աշխատանքներ բոլոր նախարարությունների կողմից 2017 թ.-ին ՔՀԿ-ներին տրամադրված դրամական հատկացումների մասին և մշակվել է մոնիթորինգի Զեկույց։