Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 20-23-ը Գյումրիում «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները անցան դասընթացների շարք հետևյալ թեմաներով՝
- «Ծրագրերի կառավարում. Ցանցային աշխատանքների մոդելներ»
- «Հանրային կապեր. Հաղորդակցություն և տեսանելիություն»
- «Սոցիալական ձեռնարկատիրություն»
- «Հանրային ֆինանսների կառավարում և վերահսկում»:
Առաջին մասում մասնակիցները ծանոթացան ծրագրային առաջարկների կառուցվածքին, մրցունակ առաջարկներ գրելու նրբություններին, այնուհետև անդրադարձան ծրագրերի կառավարման փուլերին, մոնիթորինգի և գնահատման անցկացման անհրաժեշտությանը։ Մասնակիցները ծանոթացան նաև ցանցային աշխատանքների մոդելներին, հատկապես town hall մեթոդաբանությամբ հանրային քննարկումների կազմակերպմանը, որը թերևս հանրային կարծիքի ուսումնասիրության ամենարդյունավետ և կիրառական ձևերից մեկն է։
Ներկա ՔՀԿ-ների ներկայացուցիչները երկրորդ թեմայի ընթացքում անդրադարձան կարևորագույն ևս մեկ հատվածի՝ հանրային կապերին, որն այսօրվա դրությամբ ոչ բոլոր ՀԿ-ներին է հասանելի և ոչ բոլորը ունեն բավարար ռեսուրսներ (և մարդկային, և ֆինանսական) հաղորդակցությունն ու իրենց գործունեության տեսանելիությունը պատշաճ ապահովելու համար։ Մասնակիցները ծանոթացան հանրային կապերին, դրա բաղադրիչներին, գործունեության տեսանելիության ապահովման գործիքներին, ինչպես նաև քննարկեցին հասարակայնության հետ կապերի առանձնահատկությունները քաղաքացիական հասարակության ոլորտում։ Նրանք ստացան օգտակար խորհուրդներ, որոնք շատ դեպքերում վեր էին հանվում մասնակից ՔՀԿ-ների գործունեության օրինակներից։
Սոցիալական ձեռնարկատիրությունը տնտեսական գործունեություն է, որը հետապնդում է սոցիալական նպատակ և միտված է սոցիալական փոփոխություն իրականացնելու։ ՍՁ-ն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հնարավորություն է տալիս մի կողմից ապահովել ֆինանսական կայունություն, միևնույն ժամանակ լուծել իրենց առջև դրված հանրային նշանակության խնդիրները։ Կոալիցիայի անդամ կազմակերպությունները դասընթացի ընթացքում ստացան ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ սոցիալական ձեռնարկատիրության նախագծի մշակումից մինչև բիզնեսի կառավարման վերաբերյալ, իրենց իսկ գաղափարների վրա փորձեցին կառուցել բիզնես մոդելներ։
«Այս ժամանակահատվածի թերևս ամենակարևորագույն թեմաններից մեկն է սա մեզ՝ ՔՀԿ-ներիս համար, քանի որ այս ընթացքում ակտիվ գործընթաց է գնում կառավարության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի քննարկմանը հասարակական կազմակերպություններին ընդգրկելու մասով։ Սա անախադեպ երևույթ է, և քանի որ այն կրելու է շարունակական բնույթ, մենք բոլորս պետք է բավարար գիտելիքներով զինված լինենք, որպեսզի կարողանանք գրագետ մասնակցություն ունենալ այս գործընթացներին և աջակցել պետական մարմիններին առավել կարիքահեն ծրագրեր մշակելուն և իրականացնելուն» – նշում է դասընթացավար Ղարիբ Հարությունյանը «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի նախագահը։ Մասնակիցները ծանոթացան հանրային ֆինանսաների էությանը, դրա կառավարման ու վերահսկման առանձնահատկություններին, սոցիալական և տնտեսական բյուջե հասկացություններին, քննարկեցին ծրագրային բյուջետավորման և ՄժԾԾ հիմունքները և կիրառումը ՀՀ-ում։
Աշխատանքային հանդիպման վերջում կոալիցիայի անդամ կազմակերպությունները քննարկեցին նաև կոալիցիայի հետագա գործունեությունը, աշխատանքների կատարման ուղղություները։ Հանդիպման ընթացքում հաստատվեց կոալիցիայի (համա)ֆինանսավորման ապահովման և ֆինանսական միջոցների հայթայթման պլանը»:
«Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։