Commitment to Constructive Dialogue

Համագործակցության երեք հուշագիր՝ սոցիալական ձեռնարկատիրության խթանման համար. ամփոփվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագիրը

Հունիսի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Նույն օրը պաշտոնապես ամրագրվեց ՀՀ առաջին պետական ֆինանսական ներդրումը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:

Ծրագրի ամփոփումը մեկնարկել էր դեռ վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունում, որտեղ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ՀՀ համայնքների կայուն զարգացման նպատակով սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ 

Հուշագրի առիթ դարձած ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի (ՀՍՁԱ) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տրամադրած ենթադրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի նպատակն էր աջակցել համայնքի զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բիզնես գաղափարներ ունեցող անհատներին և ՀԿ-ներին՝ ստեղծելով ստեղծել ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար համայնքային բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմներ: 

«Սոցիալական ձեռնարկատիրությունը մեծ կարևորություն ունի համայնքների զարգացման գործում, սակայն իրական արդյունքներ գրանցելու համար կարևոր է, որ ոլորտին առնչվող բոլոր դերակատարները համագործակցեն միմյանց հետ՝ առկա ռեսուրսներն ու ստեղծվող մեխանիզմներն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար: Կարծում եմ այս ծրագիրը նման համագործակցության հարթակի լավ օրինակ էր,- նշեց ԿԵՀ ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը:

Ծրագրի շրջանակում համայնքների համար անկացվել էր բաց մրցույթ: Արդյունքում 12 հայտատուներից ընտրվել էին երկու ՏԻՄ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել համայնքային բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրել իրենց համայնքում սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնության իրականացման համար: Ըստ  էության, առաջին անգամ Հայաստանում պետությունը պաշտոնապես ներդրում է իրականացնում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում. համայնքային իշխանությունները ապահովում են սոցիալական ձեռնարկատիրության ֆինանսական աջակցությունը, իսկ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան՝ տրամադրում մեթոդական աջակցություն թե´ ՏԻՄ-ին, թե´ ՍՁ-ն նախաձեռնած խմբերին:

Ընտրված գաղափարներից մեկն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, մյուսը՝ Աշտարակի Բագավան թաղամասում: Միջոցառման շրջանակում նաև հուշագրեր ստորագրվեցին մրցույթում հաղթած գաղափարները ֆինանսավորող Աշտարակ և Լճաշեն համայնքների ղեկավարության և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի միջև:  «Ծրագիրն ամփոփվում է, սակայն մեր աշխատանքը համայնքային իշխանությունների և ՍՁ գաղափարներ ունեցող քաղաքացիների հետ նոր-նոր է սկսվում,- նշում է ՀՍՁԱ նախագահ Սաթիկ Բադեյանը:- Մենք համոզված ենք, որ այս ձևաչափի փորձնական կիրառումը մեզ կօգնի ավելի ամբողջական դարձնել ՏԻՄ-ՍՁ ոլորտ համագործակցային մեխանիզմներն ու տարածել դրանք նաև մյուս համայնքներում»:

«Կարծում եմ նախաձեռնության իրականացման տեսանկյունից շատ ավելի կարևոր է, որ քո սոցիալական բիզնես գաղափարին աջակցում է հենց համայնքային իշխանությունը, որովհետև սա մի կողմից զգացողություն է, որ քո գաղափարն իրականություն է դառնում մասամբ նաև քո հարկերի շնորհիվ, մյուս կողմից՝ համայնքի ղեկավարությունն ինքը ոչ թե զուտ սպառող է դառնում, այլ այդ գաղափարն իրականացնող թիմի մաս՝ կիսելով նաև պատասխանատվությունը դրա արդյունավետ իրականացման համար»,- նշում է Լճաշեն գյուղի ՍՁ գաղափարի հեղինակներից Պապին Մուրադյանը:

Միջոցառման ընթացքում Ասոցիացիան ներկայացրեց նաև ծրագրի շրջանակում ddp.am հարթակի (Direct Democracy Platform) ձևաչափով ստեղծված օնլայն գործիքը, որի միջոցով կարելի է թիրախային համայնքներում վեր հանել համայնքային խնդիրները և առաջարկել  դրանց լուծման ՍՁ գաղափարներ: 

Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: