Commitment to Constructive Dialogue

Հայկական բիզնես կոալիցիան ամփոփեց ծրագրային արդյունքները

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին տեղի ունեցավ «Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհային ծրագրի ավարտական կոնֆերանսը: 
 
Միջոցառմանը ներկա էին Հայկական բիզնես կոալիցիայի անդամները և ոլորտով հետաքրքրված անձինք, ՔՀԿ ներկայացուցիչներ, նաև ԿԵՀ ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ Ավագյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Կարևորելով ծրագրի և դրա ընթացքում ձեռք բերված արդյունքները՝ ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Կարևորն այն է, որ ծրագրի ավարտից հետո կա ինստիտուցիոնալ կառույց, որը ծրագրի ավարտից հետո էլ կշարունակի իր աշխատանքները: Ցանկանում եմ մի խորհուրդ տալ՝ որքան հնարավոր է պետք է նոր կազմակերպություններ ներգրավել, գիտեմ, որ կայացած բիզնես ասոցիացաներ են պատրաստ մասնակցել գործընթացին, որն ավելի կմեծացնի բիզնես կոալիցիայի հնարավորություններն ու դերակատարությունը»,-նշեց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն, ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանը. «Անհրաժեշտ է համախմբել Հայաստանի ՔՀԿ-ների ներուժը, առանց որի՝ ոլորտային նշանակության էական բարելավումներ առաջարկել, պահանջել և իրականացնել չի ստացվի: Պետք է օգտագործել այդ հնարավորությունները, մասնավորապես՝ հանրային քննարկումները ձևականից գործնական և սրտացավ հարթություն տեղափոխելու, պետության տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վրա ազդելու, ՓՄՁ ռազմավարության մշակման մեջ առարկայական ներդրում ունենալու, սոցիալական ձեռնարկատիրությունը պետության ռազմավարության մեջ և կրթական համակարգում ներառելու և պետական աջակցություն տրամադրելու, համայնքային ֆինանսների նախագծման և կառավարման նկատմամբ հանրային մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու և այլն»,-նշեց նա:

Կարևորելով ծրագրի շրջանակներում ստեղծված բիզնես կոալիցիայի ստեղծումը ՀՍՁԱ նախագահ Սաթիկ Բադեյանն ասաց. «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան այն կազմակերպություններից մեկն էր, որ նախաձեռնեց ստեղծել բիզնես կոալիցիան: Դա պայմանավորված էր նրանով, որ դեռևս 2015 թ-ին, երբ ստեղծվեց Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, մենք խորապես գիտակցում էինք, որ կարիք կա բիզնես դաշտում ուժերը համախմբելու և ստեղծման հենց առաջին ամիսներից սկսեցինք համագործակցել բիզնես ասոցիացիաների հետ»:

«Երբ ունենում ես բիզնես գաղափարներ և այն չես իրացնում սեփական բիզնեսը կայացնելու, այլ առավել քան երկրի կայացման համար, և չունես աջակիցներ, թեկուզ գաղափարակից անձիք, ովքեր կսատարեն այդ գաղափարն առաջ տանելու համար թեկուզ իրենց բառային խրախուսմամբ, ապա միայնակ շատ առաջ չես գնում: Դրա կրողը եղել ենք նաև մենք, երբ սահմանմերձ բնակավայրերում նոր-նոր ստեղծում էինք ձերնարկատիրություններ զուտ նրա համար, որ սահմանմերձ բնակավայրերում ապրող յուրաքանչյուր մարդ դառնար անկախ և չանկնկալեր որևէ մեկից ոչ մի աջակցություն ու կարողանար ինքը ստեղծել ու ապրել: Այդ ժամանակ մենք կարծես մենակ էինք, մինչ 2015 թ-ին ստեղծվեց Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ու մենք անդամակցեցինք և այնքան հետաքրքիր էր, երբ կային մարդիկ, որ նույն սրտացավությունն ունեին ու թեկուզ իրենց խոսքերով սատարում էին որևէ գաղափար առաջ տանելուն»,-կարևորելով կոալիցիայի առակայությունը՝ որպես օրինակ նշեց Ազգային ժողովի պատգամավոր պատգամավոր Սոֆյա Հովհաննիսյանը:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն իր խոսքում ևս կարևորեց ծրագիրն ու կոալիցիայի ստեղծումը. «Ծրագիրը, երբ նախագծվում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և մեր գործընկեր մյուս կազմակերպությունների հետ, շատ երազանքներ կար մեր մտքերում, որ ԵՄ-ի աջակցությամբ մենք կարող ենք մեր երկրում իրականում մեխանիզմներ ու ինստիտուտներ փոխենք: Եթե այս ծրագրով նայում ենք, թվում է թե ուղղակի սիրուն բառեր են գրված՝ բիզնես հաշտարար, սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգ… բայց դրանք հենց իմ երազածն են, որ ոչ թե բիզնեսին նպաստող բան փոխվի երկրում, այլ ինստիտուտ ու կառույց փոխվի, որ անձերից անկախ մեր երկրում այդ ոլորտում կարողանա շարժվել դեպի լավը: Դրա համար էլ ծրագրում ներդրվել են այս գաղափարները»,-նշեց նա:

Հաջորդիվ Գագիկ Վարդանյանը, Սաթիկ Բադեյանը, «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպությունից Անահիտ Շահբազյանը, փորձագետ Էլինար Վարդանյանը ելույթներով ներկայացրեցին ծրագրի ընթացքը, հիմնական ձեռք բերումները, մասնավորապես.  ավելի քան 25 անդամներով կոալիցիայի ստեղծում, որն ունի կանոնակարգ, կառավարման խորհուրդ, ստեղծված ինտերնետային կայք, էլեկտրոնային և հեռահար ուսուցման հարթակ, բեղմնավոր աշխատանք ոլորտային փորձագետների հետ, համագործակցություն էկոնոմիկային նախարարության և ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի հետ, ՀԲԿ անդամների կարողությունների զարգացում, բիզնես հաշտարարի գրասենյակների պիլոտի իրականացում, կրթական ծրագրերում սոցիալական ձեռնարկատիրության բաղադրիչի կարևորման աշխատանքներ, ՓՄՁ ոլորտի բարելավման օրենսդրական նախաձեռնություններ՝ բիզնես հաշտարարի վերաբերյալ լրամշակված նախագծի ներկայացում ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովին, որը պարտավորություն է ստանձնել որպես իրենց նախաձեռնություն այն առաջ տանել, ինչպես նաև՝  գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ մշակված և ՀՀ Ֆինանսների նախարարությանը ներկայացված, առաջարկներ:

Միջոցառումն ավարտվեց ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանի կողմից կոալիցիայի հետագա պլանների ներկայացումով: