Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին տեղի ունեցավ «Աշխատանքի ընթացքում աշխատողի կրած վնասի հատուցումը գործատուի կողմից» իրավունքի առկա վիճակի գնահատման մոնիթորինգի զեկույցի շնորհանդես:
Շնորհանդեսին մասնակցում էին ծրագրի ղեկավար Թամարա Աբրահամյանը, իրավաբան փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը, մոնիթորինգի փորձագետ Նարինե Մաիլյանը, «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն»-ի տնօրեն Մարինա Գալստյանը, Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ է իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների մոնիթորինգի զեկույց: