Հունիսի 27-ին Կապանում «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրի ներկայացուցիչները կազմակերպված մամուլի ասուլիսներին ենրկայացրեցին ծրագրի նպատակներն ու կատարված աշխատանքները:
«Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում՝ «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի կողմից:
«Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը բովանդակային առումով ներառում է երկու փուլ՝ մոնիտորինգ և ջատագովություն, և ֆորումի ընթացքում ամփոփում են առաջին եռամսյակում նախատեսված մոնիտորինգի արդյունքները:
Ծրագրի ղեկավարի խոսքով մոնիտորինգն իրականացվել է շահառու՝ Կապան, Քաջարան և Մեղրի համայնքների թվով 15 դպրոցներում, ինչպես նաև Կապան ու Մեղրի համայնքների ՔՀԿ-ների շրջանում: Նշվեց նաև, որ ծրագրի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ այն միտված է ապահովելու հանրակրթական ուսումնական հաստատություններում բյուջենների ձևավորման և ծախսման գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը:
«Կապանի Ուսուցիչներ» ՀԿ-ի անդամ՝ Լիլիթ Բաբայանը նշեց, որ «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրի ավարտին նախատեսվում է Սյունիքի մարզպետարանի և «Կապանի Ուսուցիչներ» ՀԿ-ի միջև կնքել երկկողմ հուշագիր, որի համաձայն, Սյունիքի մարզպետարանը, տեղեկացված լինելով, ծրագրի շրջանակներում իրականացված ՀՈՒՀ-երի տարեկան բյուջեի պլանավորման, հաշվետվողականության և թափանցիկության գործընթացների մոնիտորինգի և նոր կարգի ներդրմանն ուղղված ծրագրային արդյունքներին, համաձայնվում է իրականացնել հանրակրթական դպրոցների բյուջեների նախագծման, հաստատման և հաշվետվողականության գործընթացների բարելավմանն ուղղված գործողություններ, որոնք նախատեսվել են «Հանրակրթական դպրոցների բյուջեների նախագծում, հաստատում և հաշվետվողականություն, հիմնախնդիրներից մինչև լուծումներ» առաջարկ–փաթեթով:
Ասուլիսի բանախոսներից էր նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մ/ճ-ի Կապանի գրասենյակի իրավաբան Վաչե Բաղդասարյանը, ով ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ գործընկերներ կազմակերպությունների կոնսորցիումի կողմից:
Վերջինս շնորհակալություն հայտնեց «Կապանի Ուսուցիչներ» ՀԿ-ին և Սյունիքի մարզպետարանին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ենթադրամաշնորհային ծրագրով իրականացված աշխատանքների և ձեռք բերված արդյունքների համար, ինչպես նաև արդյունավետ և կառուցողական երկխոսության համար։