Commitment to Constructive Dialogue

Ամփոփվեցին «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագրի արդյունքները

«Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» փոքր ենթադրամաշնորհային ծրագրի փակումն ազդարարող աշխատակազմի ավարտական աշխատաժողովը: Ծրագիրն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ կոնսորցիումի կողմից գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի հիմնական նպատակներն էին.

  • նպաստառու ընտանիքների շահերի, նրանց անդամների իրավունքների պաշտպանության հարցում գործատուների, սոցիալական ոլորտի ներկայացուցիչների դերի գնահատումը՝ նպաստառու ընտանիքի անդամների աշխատանքի հետ կապված խնդիրների հաղթահարման հարցում,
  • նպաստառու ընտանիքների շահերի և նպաստառու քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված հիմնարար առաջարկների մշակումը,
  • նպաստների համակարգի բարելավմանն ուղղված թիրախային առաջարկների մշակումը և պատկան մարմիններին ներկայացումը:

Ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ հիմնական գործողությունները.

  • «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրները» խորագրով հետազոտության կազմակերպում և անցկացում (խորին հարցազրույցներ սոցիալական ոլորտի ներկայացուցիչների ու գործատուների հետ և ֆոկուս-խմբային քննարկումներ նպաստառու ընտանիքների անդամների մասնակցությամբ):
  • Հետազոտության արդյունքներով համապարփակ վերլուծական տեղեկանքի (Զեկույց) պատրաստում:
  • Ծրագրի հիմնական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված էլեկտրոնային կայքէջի գործարկում:
  • «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և տեղեկացվածության խնդիրները» թեմայով երկօրյա, արտագնա աշխատաժողովի անցկացում ԱԺ պատգամավորների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների, Սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, սոցիալական աշխատողների մասնակցությամբ:
  • Կառուցողական երկխոսության հանձնառության շրջանակներում նպատակային համագործակցությանն ուղղված ջանքերի ներդրում:

Աշխատաժողովի մասնակիցները նշեցին, որ ծրագրով նախատեսված հիմնական արդյունքներն ապահովված են, ծրագրային գործողությունները կատարված են պատշաճ մակարդակով:

Ծրագրի ղեկավար Հ. Քեշիշյանը հատկապես կարևորելով ծրագրի հիմնական բաղադրիչի՝ «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրները» խորագրով հետազոտության արդյունքներին, նշեց, որ դրանք հաստատապես կունենան կիրառական մեծ նշանակություն: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակված համապարփակ վերլուծական տեղեկանքում տեղ գտած եզրակացություններն ու առաջարկներն արժեքավոր են, և կարող են դառնալ նպաստների համակարգի բարեփոխման առումով հիմնական ուղեցույցներից մեկը:

Ծրագրի ավարտից հետո նույնպես «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունն այս տիրույթում: Նախատեսվում է այդ գործունեությունն իրականացնել երեք հիմնական ուղղություններով. նպաստների համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակման գործում մասնակցություն (1), հանրային իրազեկմանն ուղղված նպատակային գործողությունների կազմակերպում (2),   ՀՀ Ազգային ժողովի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցություն՝ օրենսդրական փոփոխությունների համատեքստում (3):