Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին Կապանի համայնքապետարանում կայացավ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում» ծրագրի շրջանակում նախատեսված հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը, ծրագրի փորձագետ՝ Լիլիթ Առաքելանը, Կապան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը: Հանդիպման նպատակն էր ըստ ծրագրի աշխատանքային պլանի նախատեսված գործողություններով ներկայացնել ամփոփ ծրագրային մոդուլը և քննարկել ռազմավարական առաջարկները:
Սուսաննա Մարտիրոսյանը բովանդակալից ներկայացրեց ծրագիրը՝ համաձայն տպագրված վերջնական մոդուլի: Անդրադառնալով ի սկզբանե համայնքապետարանի հետ ձեռք բերված համաձայնության՝ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:
Քննարկվեցին նաև ծրագրի շրջանակներում ներկայացված առաջարկությունները՝ Կապան խոշորացված համայնքի զարգացման 2018-2023 թթ ռազմավարական ծրագրի մեջ ներառելու վերաբերյալ:
Կապան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Սուսաննա Մարտիրոսյանին նման բովանդակալից, ծավալուն և արդյունավետ ծրագիր իրականացնելու համար և հավաստիացրեց , որ կատարած աշխատանքի արդյունքում առաջիկայում Կապան խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացվող նախաձեռնություններում հաշվի կառնվեն ծրագրի կողմից ներկայացված առաջարկությունները: