«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում՝ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ իր գործընկերներ «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակեորպության, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ծրագրի շրջանակում 2018թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքի կողմից մատուցվող մի շարք ծառությունների որակի գնահատմանը, իրականացվող ծախսերի արդյունավետոիւթյան գնահատմանը: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը:
Հետազոտության մոնիտորինգային մասն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման որակի գնահատմանը: Մոնիթորինգային մասը բաղկացած է երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացվել է մատուցվող ծառայություններից բնակչության բավարարվածության գնահատում, որի համար կիրառվել է քանակական դեմ առ դեմ հարցումների մեթոդը՝ քվոտային ընտրանքի հիման վրա: Ընդհանուր առմամբ իրականացվել է 902 հարցում: Երկրորդ բաղադրիչի շրջանակներում խոշորացված համայնքներում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների որակի մոնիթորինգ: Խոշորացված համայնքների մաս կազմող բոլոր բնակավայրերում դիտարկման են ենթարկվել փողոցների երթևեկելի մասի ծածկույթը, մայթերը, եզրաքարերը, ջրահեռացման վաքերը, ճանապարհային նշանները և գծանշումները, փողոցի երկայնքով անվտանգության միջոցառումների իրականացումը, փողոցի մաքրությունը և բարեկարգվածությունը: Ընդհանուր առմամբ, դիտարկման ցանկում ներառված են եղել շուրջ 249 փողոցներ:
Ընտրված 6 խոշորացված համայնքներում պատահականության սկզբունքով ընտրվել են մեկական փողոցներ, որոնք հիմնանորոգվել կամ վերանորոգվել էին վերջին 1 ամսվա ընթացքում և ենթարկվել են լաբորատոր փորձաքննության՝ անկախ փորձագիտական ընկերությունում։
Հետազոտության ֆինանսական վերլուծության մասը ներառում է նշված 6 խոշորացված համայնքներում ներհամայնքային ճանապարհների սպասարկման ոլորտում իրականացվող ծախսերի վերլուծությունը, համայնքներում ստեղծվող կապիտալ ֆոնդերի ձևավորումը և գնահատումը։
Հետազոտության շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հետ համատեղ իրականացվել է նաև Կլոր սեղան քննարկում («Chatham-house» ձևաչափով)՝ ոլորտային հիմնախնդիրների վերհանման և լուծումների նախանշման վերաբերյալ։