Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նույնանուն ֆորումը, որին մասնակցում էին ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ԱԺ պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Սոֆյա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլք։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով ծրագիրը և դրա նպատակը:
«Կարևորում ենք Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի հետ կապված ինստիտուցիոնալ զարգացումը, իրոք կազմակերպությունը մեծ աշխատանքներ է իրականացրել, բոլոր դերակատարների հետ քննարկումներ՝ ՏԻՄ-ՔՀԿ սեկտորում, միջազգային ցանցերի համագործակցության ոլորտում, միջազգային փորձ է ուսումնացիրեվել, կատարվել հետազոտական աշխատանքներ: Կարծում եմ աշխատությունը հիմնավոր է, փաստարկված է և ոլորտի քաղաքականությունը մշակող, իրականացնող մարմինը, հանձինս կրթության, գիտության, մշակույթի ու սպորատի նախարարության, գործընկերական, կառուցողական մոտեցում կցուցաբերի և հնարավորություն կընձեռի այս նոր մեթոդաբանությունը դարձնել ավելի ինստիտուցիոնալ, որովհետև սա կբերի ավելի ներառարական, երիտասարդակենտրոն մոտեցում»,-ասաց Կարեն Զադոյանը:
«Սա կարևոր մի հիմնական հարթակ է, որտեղ տարեկան կտրվածքով 12-18 տարեկան 600 պատանիներ հնարավորություն են ունենում հատուկ մեթոդաբանությամբ կրթական և սոցիալական ծառայություններ ստանալ: Սա նրանով է առանձնահատուկ, քանզի այդ մեթոդաբանությունը թույլ է տալիս այս ծառայությունները հասանելի դարձնել հասարակության համար խոցելի շահառու խմբերի երիտասարդներին, ովքեր ունեն կրթության խնդիր, նրանց ընտանիքներն ունեն սոցիալական տարբեր խնդիրներ», – ողջույնի իր խոսքում նշեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը:
Հավելենք, որ միջոցառման շրջանակներում Գյումրու և Սպիտակի քաղաքային իշխանությունների հետ հուշագրեր ստորագրվեցին: Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ քաղաքապետարանը որպես աջակցություն՝ պատրաստ է հոգալ «Գյումրու երիտասարդների տան» կոմունալ ծախսերը: Սա տարեկան կազմում է 600-700 հազար դրամ, ավելին, Գյումրու բյուջեից կենտրոնի տարածքն է բարեկարգվելու ու 8 տարի ժամկետով անհատույց տրամադրվելու է կենտրոնին` պատանիներին տրամադրվող ծառայությունները շարունակական դարձնելու համար։