Commitment to Constructive Dialogue

«Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» hետազոտության արդյունքներ

Հայաստանում տարբեր ժամանակներում իրականացված երիտասարդական մի շարք հետազոտություններ փաստում են, որ քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին երիտասարդության ներգրավումը անբավարար մակարդակի վրա է, և երիտասարդներն իրենց ներուժն ամբողջապես կիրառելու սահմանափակ հնարավորություններ ունեն: Համաձայն Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից իրականացված «Հայաստանի երիտասարդների ձգտումները եվ ակնկալիքները» զեկույցի՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների մասնակցության բավականին ցածր ցուցանիշներ են արձանագրվել: Երիտասարդների գերակշիռ մասը ներկայումս չի ցանկանում ներգրավվել ՏԻՄ-երի, ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնող խմբերի աշխատանքներում, իսկ այս կառույցներում ներգրավվել չցանկանալու ամենատարածված հիմնավորումներն են «հետաքրքիր չլինելը», «իմ ներգրավվածությունը ոչինչ չի փոխի» կանխադրույթը, «ժամանակի սղությունը»: Երիտասարդների՝ հանրային և համայնքային կյանքում մասնակցության ցածր ցուցանիշները բացատրվում է սեփական խնդիրների լուծման վրա կենտրոնացվածությամբ, ինչպես նաև մասնակցության արդյունքների նկատմամբ ունեցած թերահավատությամբ: Այս հիմնախնդիրները զուգորդվում է հատկապես մարզային բնակավայրերում երիտասարդների համար նախատեսված զբաղվածության և սոցիալ-մշակութային տարածքների սահմանափակությամբ, ինչի արդյունքում մարզային համայնքներում բնակվող երիտասարդների ներուժը մնում է չիրացված:

Վերոնշյալ հիմնախնդիրները բնորոշ են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի երիտասարդությանը: Համայնքը խոշորացվել է 2017 թվականին՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքային, Այգուտ, Անտառամեջ, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, Վահան գյուղական համայնքները և Արծվաշեն բնակավայրը: Ներկայումս համայնքում բնակվում են 18-ից 35 տարեկան շուրջ 1,600 երիտասարդներ, որոնց շուրջ 60%-ը կենտրոնացած է Ճամբարակ քաղաքային բնակավայրում:
Ճամբարակ խոշորացված համայնքում 2019թ. հունվար-մարտ ամիսներին իրականացվել է «Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» հետազոտական ծրագիրը՝ ուղղված Ճամբարակ խոշորացված համայնքում հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության ուսումնասիրությանը: Հետազոտությունն իրականացվել է «Ագապե Վորլդ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից «Երիտասարդները հանուն իրենց ապագայի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել Ճամբարակ խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության խթանմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով երիտասարդների ներգրավվածության գնահատում և հանրային ֆինանսների մոնիտորինգ: Դրամաշնորհային ծրագրի վերջնական արդյունքը լինելու է համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումը և այդ քաղաքականության ջատագովությունը: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Ագապե Վորլդ» երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հետազոտական ծրագրի հիմնական նպատակն է պարզել, թե որքանով են երիտասարդները ներգրավված քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման ոլորտներում: Հետազոտական խնդիրների բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվել է որակական և քանակական մեթոդների համադրությամբ: Հետազոտության շրջանակներում կիրառվել է երիտասարդների հետ քանակական դեմ առ դեմ հարցումների մեթոդը՝ ընդհանուր առմամբ ընտրանքում ներառելով 309 երիտասարդների: Իրականացվել է նաև խորին հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ և ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային երիտասարդների հետ: Բացի այդ փաստաթղթերի վերլուծության մեթոդով իրականացվել է համայնքային զարգացման ծրագրերի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և պլանների, իրականացված երիտասարդական միջոցառումների հաշվետվությունների ուսումնասիրություն:

Հետազոտական աշխատանքներում ներգրավվել են համայնքում բնակվող երիտասարդներից բաղկացած քաղաքացի-մոնիտորների խումբ, ինչն էլ իր հերթին նպաստել է ներգրավված երիտասարդների կարողությունների ավելացմանը: Նախատեսվում է, որ հետազոտության արդյունքների կիրառությամբ կմշակվի համայնքի երիտասարդական քաղաքականության նախագիծ, որն էլ հետագայում կներկայացվի տեղական ինքնակառավարման մարմիններին ներդրման և իրականացման համար:

 

«Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» hետազոտության արդյունքները