Commitment to Constructive Dialogue

«Աշխատանքի ընթացքում աշխատողի կրած Վնասի հատուցումը գործատուի կողմից» Իրավունքի պաշտպանվածության առկա վիճակը Հայաստանի հանրապետությունում Մոնիթորինգի զեկույց

Սույն ուսումնասիրության թիրախ է հանդիսանում  աշխատանքի ընթացքում աշխատողի կրած վնասի դիմաց գործատուի պարտավորության առաջացման և աշխատողին վնաս պատճառելու հետևանքով փոխհատուցման հասանելիության ապահովման խնդիրը, ինչը ներառված է աշխատանքային իրավա­հա­­րաբերությունների ոլորտում: 

ԱՕ-ի հոդված 234-ի համաձայն «Գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է, եթե`

1) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է.

2) վնասն առաջացել է աշխատողի գույքի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով.

3) թույլ են տրվել աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտումներ:

Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով»:

Սակայն «ՀՀ Դատական իշխանություն» http://court.am/ պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդհանուր իրավասության դատարաններում քննվող քաղաքացիական գործերի դասակարգման մեջ ներառված չեն աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման նորմերի խախտման կամ ոչ լիարժեք ապահովման հետևանքով մասնագիտական հիվանդություն կամ խեղում ստացած անձանց նկատմամբ «Գործատուի նյութական պատասխանատվության առաջացման» վերաբերյալ գործեր:

Դատական տեղեկատվական համակարգի http://datalex.am/ պաշտոնական կայքում գործերի որոնման բաժնի դիտարկումը ևս թույլ է տալիս եզրակացնել, որ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում մասնագիտական հիվանդություն կամ խեղում ստացած անձանց փոխհատուցման իրավունքի իրացման խնդիրը բավարար չափով չի կարևորվում: Իրենց զեկույցներից դատելով դրա մասին են վկայում նաև Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակները, նշելով, որ նման աշխատանքային վեճերով դիմողները շատ չեն:

Մարդու իրավունքների պաշտպանն իր 2018 թվականի հաղորդման մեջ նշում է. «Հայաստանում աշխատողների իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված չեն, տարվա ընթացքում տեղի են ունենում աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներ, իսկ օրենսդրական բացերը և թերի կարգավորումներն իրենց հերթին ևս հանգեցնում են մի շարք խնդիրների։ Վերոնշյալից զատ աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառներից է նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար իրազեկումն, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության թույլ աստիճանը»:

Վերոգրյալի հիման վրա ստիպված ենք փաստել, որ աշխատողի իրավունքի լիարժեք պաշտպանության համակարգը ՀՀ-ում դեռևս ձևավորված չէ:

Իրավիճակը շտկելու համար «Արազա» ԲՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն»-ի հետ համատեղ իրականացրել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի կարգավորման ոլորտում քաղաքականության մոնիթորինգ՝ բացահայտելու համար աշխատանքի ընթացքում աշխատողին վնաս պատճառելու հետևանքով փոխհատուցման իրավունքի իրացման խնդրում առկա խոչնդոտները և աշխատանքային հարաբերություններում աշխատողների իրավունքների պաշտպանության արտադատական ազգային մեխանիզմի ներդրման համար առկա նախադրյալները, մշակելու համար ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթ, ինչը կնպաստի շահառու խմբերի իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ծրագրի շրջանակում իրականացվել են.

  • Աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունների լույսի ներքո:
  • ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ 2008-2018 թթ. դատական գործերի ուսումնասիրություն:
  • Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման խնդրով 2013-2018 թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակներ, արհմիություններ և իրավապաշտպան ՀԿ-ներ ուղղված դիմումների քննության ընթացքի հետազոտություն,
  • Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրների բացահայտման և հաղթահարման հնարավոր միջոցների վերաբերյալ ոլորտային ֆոկուս-խմբերի քննարկումներ:

Ստորև բերված նյութում ամփոփված են Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքի արդյունքները:

«Աշխատանքի ընթացքում աշխատողի կրած Վնասի հատուցումը գործատուի կողմից» Իրավունքի պաշտպանվածության առկա վիճակը Հայաստանի հանրապետությունում Մոնիթորինգի զեկույցը։