«Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ կոնսորցիումի կողմից գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Պաշտպանված նպաստառու/ընտանիք և իրազեկ քաղաքացի» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի առանցքային բաղադրիչը «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և տեղեկացվածության խնդիրները» խորագրով հետազոտությունն է, որը կազմակերպության փորձագիտական թիմն իրականացրել է 2019թ մարտ-ապրիլ ամիսներին: Հետազոտության հիմնական նպատակը նպաստների համակարգի արդյունավետության գնահատումն էր՝ նպաստառու ընտանիքների անդամների՝ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված խնդիրների և աշխատանքի խրախուսման հնարավորությունների համատեքստում: Ինչպես նաև այս առումով նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրների վերհանումը:
Հետազոտության շրջանակներում կիրառվել են խորին հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների մեթոդները: Խորին հարցազրույցներն իրականացվել են սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների և գործատուների հետ, իսկ ֆոկուս խմբային քննակումներն անցկացվել են նպաստառու ընտանիքների անդամների մասնակցությամբ:
Պատրաստվել է հետազոտության արդյուքներով համապարփակ վերլուծական տեղեկանք, որտեղ հանգամանորեն ներկայացվել են հիմնական խնդիրները, եզրակացությունները և դրանց հիման վրա կատարված առաջարկները: Վերջինները վերլուծական զեկույցում կարևորելով՝ արժանահիշատակ ենք համարում ընդգծել հետևյալ ընդհանրական եզրակացությունը, որը նպաստների համակարգի արմատական հենքը կարող է դառնալ. «Նպաստների գործող համակարգը, որի հիմնական նպատակներից են աղքատության նվազեցումը և ընտանիքների կենսամակարդակի բարձրացումը, ըստ էության, այս առումով շահառուների կյանքի որակի շոշափելի բարելավում չի ապահովում: Ավելին, գործող համակարգը շահառուներին ուղակի իրենից կախվածության մեջ է դնում: Այն բավականաչափ ճկուն և արդյունավետ չէ և շատ դեպքերում մարդկանց պարզապես կանգնեցնում է հետևյալ երկընտրանքի առջև՝ կայուն նպաստ ստանալ, թե՞ աշխատել: Ցավոք, հաճախ տվյալ երկընտրանքը լուծվում է առաջին տարբերակի օգտին: Սույն հետազոտության արդյունքում արված առաջարկները պրակտիկ քայլեր են, որոնք կարող են էապես բարելավել նպաստների համակարգը՝ դարձնելով այն առավել արդյունավետ և շահառուների համար՝ կայուն աշխատանք ունենալուն միտված:
Սակայն, ներկայացվող առաջարկները, գուցե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են նպաստների համակարգի ամբողջական բարեփոխման տեսանկյունից: Այստեղ կարևորը փիլիսոփայության և մոտեցումների փոփոխման հարցն է: Իրականությունն այն է, որ նպաստառու ընտանիքը ձգտում է միայն այդ աջակցությունը պահպանելուն և շատ դեպքերում չի մտածում աշխատելու կամ իր աշխատանքը գրանցելու մասին: Ցավալիորեն, աշխատելու տարբերակը շատ դեպքերում «պարտվում» է կայուն նպաստ ստանալու տարբերակին: Իրերի նման կարգն ամբողջապես ապամոտիվացնում է մարդուն և նա կորցնում է նախաձեռնություն հանդես բերելու, աղքատության ճիրաններից իրեն և իր ընտանիքը դուրս բերելու ցանկությունը: Այս խնդրի լուծման առումով խիստ ծանրակշիռ քայլ կլինի ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգի արմատական բարեփոխումը: Առհասարակ, նպաստը պետք է տրվի կոնկրետ մարդուն, այլ ոչ ընտանիքին: Այս պարագայում քաղաքացին կաշխատի և երբեք չի մտածի, որ դրա հետևանքով իր ընտանիքը կարող է զրկվել նպաստից կամ դուրս մնալ սոցիալական աջակցության տարբեր ծրագրերից: Հենց այս առանցքային թեզն էլ պետք է լինի ոլորտի բարեփոխումների հիմքում: Քաղաքացու հայացքը պետք է մշտապես ուղղված լինի դեպի աշխատաշուկա: Միայն այս կերպ է հնարավոր աղքատության հաղթահարումը և մարդկանց կյանքի որակի էական բարելավումը»: