Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված են 188.051 հաշմանդամություն ունեցողներ: Հաշմանդամություն ունեցող անհատների (այսուհետ՝ՀՈՒԱ) մոտ 94.000-ի համար անհրաժեշտ է սոցիալ-միջավայրային հարմարեցում, որը հիմնականում կապված է մատչելի միջավայրի ապահովման հետ: Լոռու մարզում այսօր հաշվառված են տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող 19.113 անձինք, որոնցից մոտ 3.000-ը՝ սայլակ օգտագործողներ են, 1.100-ը` քայլակ օգտագործողներ, մոտ 1.500-ը տեղաշարժվում են հենակներով, իսկ Վանաձորում բնակվում է հենաշարժողական խնդիրներով 2090 անձ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի համար սոցիալական ոլորտի ամենասուր պրոբլեմներից են ՀՈՒԱ՝ հասարակական կյանքին լիարժեք ներառման խնդիրները։ Հայաստանը որպես հետխորհրդային պետություն, այս առումով, ծանր ժառանգություն է ստացել։ Խորհրդային ժամանակաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով խորապես չեն զբաղվել, և այդ իսկ պատճառով նշված ժամանակահատվածում կառուցված փողոցներում, անցումներում, բնակելի և սոցիալական, հասարակական նշանակություն ունեցող շենք-շինություններում պարզապես անտեսվել են նրանց կարիքները, չեն եղել թեքահարթակներ, ընդհանրապես չեն արծարծվել տրանսպորտային մատչելիության կամ վերելակային հարմարավետության խնդիրները։ Որպես օրինակ, նշենք Վանաձորի քաղաքապետարանի վարչական շենքը, որը ոչ մի առումով հարմարեցված չէ ՀՈՒԱ-ների համար, և որը ըստ պետական այրերի ճարտարապետական արժեք է ու հնարավոր չէ հարմարեցնել: «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության անդամները բազմիցս բարձրաձայնել են վերոնշյալ հիմնախնդիրները, սակայն այդպես էլ խնդրին լուծում չի տրվել:
Ներկայացվող հետազոտությունն անց է կացրել Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով ոլորտում հանրային քաղաքականության բարելավմանը: Առանձնահատուկ նպատակը՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ ՀՈՒԱ) շահերի և իրավունքների պաշտպանությանը:
Սույն հետազոտության համար ընտրվել են հանրային նշանակություն ունեցող 15 պետական կառույցներ: Այդ կառույցների ընտրությունը կատարվել է` ելնելով նրանց կողմից սպասարկվող բնակիչների թվաքանակից: Ընտրվել են այն կառույցները, որոնք Վանաձորից բացի, սպասարկում են նաև հարակից բնակավայրերի բնակիչներին: Արդյունքում ընտրված 15 կառույցները կարիքի դեպքում սպասարկում են գրեթե բոլոր բնակավայրերի բնակիչներին: Կառույցների ընտրության մյուս կարևոր պատճառներից մեկն էլ նա էր, որ առկա էր «եզակիության», «այլընտրանք չլինելու» հանգամանքը, այսինքն եթե տվյալ անձը ֆիզիկական անմատչելիության հետևանքով չի կարողանում մուտք գործել ներս և վերջինիս ծառայություններից օգտվել, ապա նմանատիպ այլ կառույց չկա, որպեսզի իր հարցի լուծումը ստանա այնտեղ: Այդ կառույցները մատչելիության տեսանկյունից դիտարկվել են դրսից և ներսից, անհատական հարցազրույցներ են անցկացվել այդ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև անհատական 200 հարցումներ են իրականացվել հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Զեկույցը բաղկացած է 3 գլուխներից.
- Իրավական կարգավորումներ
- Շինարարական նորմեր և բացահայտումներ
- Եզրակացություն և առաջարկություններ
ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Չնայած օրենքում պարբերաբար կատարվել են փոփոխություններ և լրացումներ, այնուամենայնիվ, ամրագրված սկզբունքներն ու մոտեցումները դարձել են ժամանակավրեպ և չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված և ճանաչված չափանիշներին: Գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Այս մոտեցումը հիմնված է առավելապես հաշմանդամության բժշկական մոդելի վրա, որի դեպքում հաշվի չեն առնվում անձի գործունեության և մասնակցության առանձնահատկությունները, ինչպես նաև արտաքին գործոնները, որոնք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ դրանց վրա:
Չնայած վերջին տարիներին հասարակական սեկտորը իրականացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կենսագործունեության համար անարգել միջավայրի ձևավորմանն ուղղված մի շարք միջոցառումներ, սակայն իրավիճակը մնում է անբավարար։ Հիմնախնդիրը այդպես էլ անբավարար կմնա, քանի որ պետական սեկտորի կողմից դեռևս ծանրակշիռ գործնական քայլեր չեն արվում իրավիճակը փոխելու ուղղությամբ:
Իրավիճակի արմատական և աստիճանական բարելավման համար պետք է մշակել լայնամասշտաբ գործողությունների ծրագիր: Այն կներառի օրինակ՝ մինչև 2025թ. քաղաքաշինական և ինժեներական ենթակառույցների, տրանսպորտային, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային, սոցիալական ենթակառուցվածքի հիմնարկների հիմնական մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։