Սույն ուղեցույցի մշակումը նպատակ ունի բարելավելու բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականությունը՝ նպաստելով բարձրագույն կրթության հասանելիությանը։ Ուղեցույցի ներդրումը բուհերում կնպաստի կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության գործընթացն ավելի բաց և թափանցիկ դարձնելուն։ Ուղեցույցը մշակվել է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի շրջանակներում ընտրված փորձագետի կողմից։ Ուղեցույցը մշակելիս փորձագետը հաշվի է առել ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 3 բարձրագույն ուսումնական հաստատություններում (Գորիսի պետական համալսարան, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղ, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղ) իրականացված կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաև այդ քաղաքականության բարելավման նպատակով շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված մարզային ֆորումի արդյունքում հավաքագրված առաջարկությունները։ Սույն փաստաթուղթը ներառում է կրթաթոշակների և կրթական այլ հնարավորությունների մասին հայտարարություններ ստեղծելու և դրանք հնարավորինս լայն շրջանառելու վերաբերյալ ուղեցույց և հայտարարությունների ձևանմուշներ։ Ուղեցույցը նախատեսված է Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Որպես ուղեցույցի հավելվածներ կցվում են տեղական և միջազգային կրթաթոշակների, ամառային դպրոցների, կրթական փոխանակման ծրագրերի միջազգային և տեղական գիտաժողովների մասնակցության, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու ֆինանսական աջակցության հնարավորությունների վերաբերյալ հայտարարությունների ձևանմուշներ։ Ուղեցույցում մանրամասն նկարագրված են այդ ձևանմուշների կիրառման և տարածման մեխանիզմները։