2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է 188,051 հաշմանդամություն ունեցող անձ, որի 8,205-ը մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա: Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 726 է: Նրանց մեծ մասը մինչև համընդհանուր ներառական կրթության անցնելը կրթություն ստանում էին «Հատուկ գիշերօթիկ» դպրոցներում: Գիշերօթիկ դպրոցների փակումից հետո երեխաները տեղափոխվեցին իրենց ընտանիքներ և շարունակեցին կրթությունը համայնքի դպրոցներում: Իսկ գիշերօթիկները վերակազմակերպվել են և նրանցից շատերը տալիս են մանկավարժահոգեբանական աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին (այսուհետ՝ ՀՈՒԵ), նախ և առաջ իրականացնելով ՀՈՒԵ կրթական կարիքների գնահատում:
Քանի որ գործընթացը նոր է և կան բազմաթիվ խնդիրներ, ուստի «Արգինա» ՀԿ-ն իր «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի շրջանակներում մշտադիտարկման միջոցով փորձել է պարզել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետությունը, վեր հանել հիմնախնդիրները և մշակել առաջարկություններ` ուշադրության կենտրոնում ունենալով այդ կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մատչելիությունն ու հասցեականությունը:
Ներկայացվող հաշվետվության մեջ վեր են հանվել մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ՝ ՄՀԱԿ) և ցերեկային արտադպրոցական ծառայություն տրամադրող կենտրոնների (այսուհետ՝ ՑԱԾԻԿ կամ ցերեկային կենտրոն) ֆիզիկական մատչելիությանը վերաբերող հարցեր, գործունեության ընթացքում առաջացած խնդիրներն ու հնարավորությունները: Հաշվետվությունն ամփոփվում է առաջարկություններով: