Օգոստոսի 22-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի վերաբերյալ:
«Ժողովրդավարական կրթության հայակական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի փորձագետ Նորիկ Թունյանը հանդես եկավ որպես բանախոս՝ ներկայացնելով նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի /2020-2025թթ./ նպատակները, ցուցանիշները և թիրախները:
ՆՄՄԿ ծրագրի նպատակներից է, որ մինչև 2025 թվականը ՆՄՄԿ հաստատությունները 15տոկոսով օպտիմալացվեն: Ակնկալվում է, որ առկա է լինելու ՆՄՄԿ համակարգի օրենսդրական և իրավական դաշտի բարեփոխման քարտեզը, որակավորումների հեռանկարային պահանջարկի կանխատեսման գործիքակազմը և սոցիալական գործընկերների կողմից հետադարձ կապի ապահովման մեխանիզմները:
Նախատեսվում է, որ ՆՄՄԿ համակարգի բարեփոխումները համահունչ են լինելու «Թուրինյան» գործընթացներին և «Աշխարհի հմտություններ» միջազգային շարժմանը և 2025 թվականից յուրաքանչյուր տարում 2-ական ՆՄՄԿ հաստատությունների շենքային պայմաններ և ենթակառուցվածքներ բարելավված են լինելու, ինչպես նաև հաստատությունների 10 տոկոսն ունենալու է կառավարման թվայնացված համակարգ: Իրականացվելու են նաև հեռավար, առցանց ուսուցման ծրագրեր և մինչև 2025 թվականը ՆՄՄԿ սովորողների 90 տոկոսը օգտվելու է կարիերայի ուղղորդման կենտրոնի խորհրդատվական ծառայությունից:
Նորիկ Թունյանը անդրադարձավ նաև պրակտիկայում հանդիպող դժվարությունների մասին: Կլոր-սեղան քննարկումն անցավ հարց ու պատասխան ձևաչափով, որին մասնակցում էին արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: