Commitment to Constructive Dialogue

PechaKucha ֆորմատով քննարկում՝ Հայաստանի արյունատար անոթներ թեմայով

ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, «Մանթաշով գործարարների միության» և «ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության աջակցությամբ օգոստոսի 26-ին, տեղի ունեցավ PechaKucha ֆորմատով քննարկում՝ Հայաստանի արյունատար անոթներ թեմայով: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից, որին ներկա էին օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին մասում բանախոսները հանդես եկան կարճ ելույթներով, իսկ երկրորդ մասում կազմակերպվեց քննարկում՝ օրենսդիր, գործադիր և ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ «ՊեչաԿուչա արտոնագրի պաշտոնական ներկայացուցիչ» Մարի Վարդանյանը՝ ներկայացնելով ՊեչաԿուչա երեկոների ֆորմատը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Նաիրա Մանուկյանը ներկայացրեց միջոցառման ընդհանուր նպատակները: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը:

Հանդիպման առաջին հատվածում «Համաշխարհային լոգիստիկան մեր կողքով» թեմայով հանդես եկավ Տրանսպորտային առաքողների միության նախագահ
Եղիշե Հովհաննիսյանը, իսկ «Հայաստանի ցամաքային տրանսպորտային պարկ»- ի մասին խոսեց Արարատ տրանս և «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր Ռաֆայել Մանուկյանը: Քաղաքագետ-տնտեսագետ Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն էլ անդրադարձավ «Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտի ցանցում երեկ և այսօր» թեմային:

Երկրորդ հատվածում՝ պանելային քննարկման թեման լոգիստիկայի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն էին: Թեմայի բանախոսներն էին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, պատգամավոր Հայկ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը, «ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը և Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը:

Միջոցառման մոդերատորը ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանն էր: