Սույն թվականի Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի նախագծի ամփոփիչ կլոր-սեղան քննարկումը: Քննարկմանը մասնակցեցին ոլորտային մի շարք շահառուներ, մասնավորապես, ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև մի շարք այլ շահառուներ ոլորտի հետ առնչվող պետական մարմիններից ու կրթության ոլորտում ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումը մեկնարկեց «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի պատվերով ներգրավված փորձագետ՝ Նորիկ Թունյանի կողմից նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման ծրագրի նախագծով սահմանված նպատակների, թիրախների և դրանց կատարումն ապահովող ցուցանիշների նկարագրումով, որին հաջորդեցին հարցադրումները վերջիններիս իրատեսականության վերաբերյալ: Ներկայացված կետերի շուրջ ծավալվեց կառուցողական երկխոսություն, որին ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր ներկաները: Քննարկման արդյունքում վերադիտարկվեցին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար նախասահմանված նպատակներն ու թիրախները: Արդյունքում՝ մի քանի նպատակների համար սահմանվեցին նոր թիրախներ, որոնք և մատչելի ձևակերպմամբ ներմուծվեցին ոլորտային զարգացման ծրագրի նախագծի մեջ: Այնուհետև, քննարկման դրվեցին սահմանված նպատակների կատարումն ապահովող ցուցանիշների և ոլորտային զարգացման ծրագրի ճանապարհային քարտեզի առանձնահատկություններն ու դրանց մշակման տրամաբանությունը: