Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը և առավելությունները մասնավոր ոլորտում» թեմայով կլոր սեղան քննարկումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի համակարգող Մարիամ Զադոյանը:
Նա ներկայացրեց ծրագիրը, անդրադառնալով նաև Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը։ Նա նշեց, որ այդ ինստիտուտը ներդրված է մի շարք երկրներում, օրինակ՝ Ամերիկայում, Անգլիայում, Ավստրիայում, Կանադայում, Չինաստանում, Դանիայում, Իսլանդիայում և մի շարք այլ երկրներում․
«Տարբեր երկրներում, տարբեր տեսակետներ են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Օրինակ՝ կորպորատիվ պատասխանատվության հիմքը մի շարք երկրներում տարբերվում է՝ որոշ երկրներում նախատեսվում է քրեական, իսկ որոշներում վարչական, մեր երկիրը օրինակ կիրառում է՝ քրեական պատասխանատվությունը»։
Մարիամ Զադոյանը կարևորեց, որ պատիժները պետք է ունենան ավելի շատ կանխարգելիչ բնույթ, քան այնպիսիք, որոնք կտանեն ընկերությանը տնտեսական ոչնչացման։ Նրա խոսքով այս ինստիտուտի ներդրումը ուղղված է հենց կանխարգելմանը։
Նրա կողմից անդրադարձ կատարվեց նաև իրավաբանական անձի քրեական պատասխանատվության մեղմացման կամ բացառման հարցերին․
«Նախագծով նշված է, որ որոշակի պարագաներում հնարավոր կլինի իրավաբանական անձին պատասխանատվությունից խուսափել, ինչը շատ դրական է գնահատվում։ Միջազգային փորձում տարբեր կերպ է լինում այդ մեղմացման կամ խստացման հարցը, որոշ երկրներում, առհասարակ պատասխանատվությունից ընկերությունը կարող է խուսափել, եթե ունի ներդրած հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր»։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արման Բաբախանյանի խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը ՀՀ-ում ներդնելիս նույնպես նախատեսվելու է նաև պատասխանատվությունը բացառող հանգամանք: Սանկցիաները լինելու են 5, որոնք կներառեն նաև պետական գնումներում մասնակցության արգելքը:
«Կորպորատիվ կառավարման խնդիր կա, և երբ ընկերությունները հասկանան, որ միայն իրենց հեղինակության ռիսկը կառավարելու իմիտացիան խնդիրներ է առաջացնելու, կսկսեն զերծ մնալ ապօրինություններից»,-նշեց ՀՀ կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։
Իր զեկույցում վերջինս ներկայացրեց ապացույցներ առ այն, որ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր չներդնելու և բիզնեսը կոռուպցիոնճանապարհով վարելու ծախսերը շատ ավելին են, քան ներդնելու և մաքուր աշխատելու դեպքում:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանն, իր ելույթի ընթացքում, նշեց, որ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը՝ հակակոռուպցիոն կրթության մի մասն է, և այն պետք է Հայաստանում ներդնել հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Այնուհետև նա ներկայացրեց պետական գնումների ոլորտում նշված ծրագրերը պարտադիր ներդրելուն վերաբերող միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ ընդգծելով, որ սերտիֆիկացումն իրականացվում է անկախ մարմնի կողմից:
Դավիթ Տեր Գուլանյանը, ով Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն էր, նշեց, որ կառավարությունը խիստ կարևորություն է տալիս կորպորատիվ կառավարման հիմնախնդրին, և ընթացքի մեջ է կանոնագրքի վերանայման գործընթացը։Նա տեղեկացրեց նաև, որ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայումս մշակվող գործարար միջավայրի բարելավման ռազմավարության համատեքստում հատուկ ուշադրության են արժանանում կորպորոտիվ կառավարման ներդրման և դրա մասին իրազեկման, խրախուսման ձևերը։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Շահնազարյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց.
«Գիտենք, որ կառավարությունը վերջերս ընդունեց որոշում, որով, ըստ էության, բովանդակային նոր իստիտուտներ ներդրվեցին պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կառավարելու նպատակով, մասնավորապես՝ բանկային համակարգի ներգրավումը: Կարելի է անդրադարձ կատարել գնումների ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերին այս համակարգի համատեքստում՝ վերջինիս ամբողջական ներդրումից հետո, քանի որ այս պահի դրությամբ ավելի բարդ կլինի որոշել դրա նպատակահարմարության հարցը: Այսինքն, հնարավոր է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումն իրականացնել բանկային համակարգի միջոցով, և այս երկխոսությանը ներառել նաև ՀՀ կենտրոնական բանկին և բանկերին: Պետք է հասկանալ նաև բիզնեսներին սերտիֆիկացման լիազորագրեր շնորհող անկախ մարմինը կրելու է արդյոք պատասխանատվություն հնարավոր դեպքերի բացահայտման պարագայում: Նաև պետք է հաշվի առնել, թե բիզնեսին ինչ արտոնության մասին է խոսքը՝ գնային, թե փաստաթղթային»:
Այնուհետև հաջորդեց թեժ հարց ու պատասխան, և պետական մարմինների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ վերամշակել առաջարկությունները նոր օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո: