2019 թվականի դեկտեմբերի 5-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը պետություն-քաղաքացիական հասարակություն գործակցության լավ օրինակ կարող ենք համարել:
Տեղեկացնենք, որ Նախագիծը մշակվել է ՊԵԿ նախագահի 2019 թվականի փետրվարի 14-ի թիվ 93-Ա հրամանով ստեղծված ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկող աշխատանքային խմբի կողմից, որի շրջանակներում ՊԵԿ-ի հետ կառուցողական երկխոսության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:
Ստորև հակիրճ կներկայացնենք այդ գործընթացի հիմնական փուլերը՝
- 2018 թվականի նոյեմբերի 13-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ միասին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ՊԵԿ նախագահին էր ուղարկել դիմում-դիրքորշում` ՊԵԿ-ի կողմից մշակած «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի վերաբերյալ:
- Նույն թվականի նոյեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվում՝ վերոնշյալ օրինագծերը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկելու համար, որի ընթացքում ԻՀԱ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ՊԵԿ-ին առաջարկում է ստեղծել ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ՝ ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենքների նախագծերում առկա մի շարք խնդիրներ քննարկելու և իրավական լուծումները գտնելու համար, ինչը դրական արձագանքի արժանացավ և դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվեց:
- 2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով ստեղծվեց Աշխատանքային խումբը՝ կազմված 16 անդամներից, ովքեր հանդիսանում են քաղաքացիական հասարակության կազմակերպություների (16-ից՝ 9-ը), ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են նաև ԻՀԱ-ի երկու ներկայացուցիչներ և վերոնշյալ դիմում-դիրքորոշումը ստորագրած գործընկեր չորս հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:
- 2019 թվականի փետրվարի 15-ին ՊԵԿ նախագահը ստորագրեց «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու և ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանը: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի արդեն ուժը կորցրած հրամանով հանրային միջոցներ օգտագործած ՀԿ-ների վրա լրացուցիչ անօրինական պարականություն էր դրված՝ հաշվետվություն ներկայացնել նաև ոչ հանրային միջոցների օգտագործման մասով, իսկ նոր հրամանն ամբողջովին համապատասխանում է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
- 2019 թվականի փետրվարի 26-ին ՊԵԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որի արդյունքում որոշվեվ,որ ՀԿ-ները մեկշաբաթյա ժամկետում ՊԵԿ պետք է ներկայացնեն «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների բարելավմանն ուղղված առաջարկություններ, ինչ լրացուցիչ հնարավորություն է ստեղծում քննարկելու ընդհանրապես ՀԿ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության մեջ տեղ գտած բացթողումները և վիճահարույց կարգավորումները: Աշխատանքային խմբի առաջին նիստին հաջորդել են ևս երեք նիստեր:
- ՊԵԿ-ն 2019 թվականի օգոստոսի 30-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել Նախագծի լրամշակված տարբերակը, որում հիմնականում տեղ էին գտել 2019 թվականի հունիսի 17-ի աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկված և աշխատանքային խմբի մասնակիցների մեծամասնության կողմից հավանության արժանացած ԻՀԱ-ի առաջարկությունները: