2019թ. Դեկտոմբերի 26-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սպասվող փոփոխություններ և ԻՀԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 2019 թվականի գործունեության հաշվետվություն» թեմայով միջոցառումը, որին մասնակցում էին Սյունիքի մարզի ՀԿ-ների (12 ՀԿ) և մարզային ԶԼՄ-ի (Zangezur TV-ի և Սյունաց երկիր) ներկայացուցիչներ, ընդհանուր թվով՝ 17 մասնակից: Միջոցառման մասնակիցների գրանցման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Քննարկման ընթացքում ԻՀԱ-ի Կապանի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող՝ Վաչե Բաղդասարյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունների ու դրանով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, նշելով, որ նախագծի լրամշակվել և վերջնական տեսքի է բերվել այդ նպատակով ստեղծված ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խմբի արդյունավետ և կառուցողական աշխատանքի շնորհիվ, որում իր առանձնահատուկ ներդրումն են ունեցել ԻՀԱ-ն և գործընկեր հասարակական կազմակերպությունները։ Այնուհետև մասնակիցները զեկուցողին են ուղղել իրենց հարցերը, որոնք վերաբերում էին օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման նախատեսվող նոր չափորոշիչներին, ներառյալ հանրային դրամական միջոցների օգտագործման դեպքում հաշվետվությունների ներկայացման նոր ընթացակարգերին:
Այնուհետև զեկուցողը ներկայացրել է ԻՀԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը՝ անդրադարձ կատարելով մասնաճյուղի կողմից հասարակական կազմակերպություններին, ՓՄՁ-ներին և ֆիզիկական անձանց տրամադրված իրավաբանական և այլ աջակցությանը, տեղեկատվական ռեսուրսներին և ԻՀԱ-ի կողմից իրականացված ծրագրերի, այդ թվում Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանականերում կատարված լայնամաշտաբ աշխատանքներին։
Քննարկման ավարտին մասնակիցները կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները՝ նախ հաշվի առնելով այն, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն իրենց ամենօրյա գործունեությունը կանոնակարգող հիմնական օրենսդրական ակտն է համարվում, հետևաբար, կարևոր է պատշաճ իրազեկված լինելն օրենսդրական սպասվող փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև այն, որ մարզերում գործունեություն իրականբացնող ՀԿ-ները մեծամասամբ ներգրավված չեն լինում օրենսդրական նախագծերի մշակման գործընթացներում և շատ հաճախ ամբողջական պատկերացում չունեն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Միջոցառման գնահատման թերթիկների վերլուծությանը կարող եք ծանոթանալ ասյտեղ: