Commitment to Constructive Dialogue

Անհատ քաղաքացիները ևս կարող են խնդիրներ ներկայացնել․ ի՞նչ է «Բաց կառավարման գործընկերությունը»

Հայաստանի Հանրապետությունը 2011թ. սեպտեմբերին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որը մեկնարկել է 2011 թվականին՝ 8 կառավարությունների կողմից (ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն):

Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:

«Կառավարությունները հանձն են առնում քաղաքացիներին լինել ավելի թափանցիկ և հաշվետու։ Դրա համար, ոչ թե միայն դեկլարատիվ, այլ ընդունում են հանձնառությունների շարք, գործողությունների ծրագիր, որի մեջ մտնում է թափանցիկության տարբեր ոլորտների վերաբերյալ քաղաքականությունների մշակում, ծրագրերի իրականացում»,-նշում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» լաբորատորիայի ղեկավար, ԲԿԳ տարածաշրջանային ծրագրի ղեկավար Մարինա Մխիթարյանը։

Որպես օրինակ նա նշում է․ «Ենթադրենք, կառավարությունն ասում է՝ այսուհետ ես հանձն եմ առնում, որ իմ օրենքների նախագծերը ոչ թե պարզապես կքննարկվեն Ազգային ժողովում, այլ նաև կդրվեն հանրային քննարկման։ Մենք գիտենք e-draft նախաձեռնությունը, որը հատկապես վերջին տարվա ընթացքում ամենաակտիվներից էր․ դա այնպիսի տիպային նախաձեռնություններից, հանձնառություններից մեկն էր, որը կառավարությունը ստանձնել է այս «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում»:

ԲԿԳ-ն անդրադարձ է կատարում նաև այն մարտահրավերներին, որոնց կարող են բախվել պետությունները։

Այս ծրագրի շրջանակներում ոչ միայն հասարակական կազմակերպությունները կարող են իրենց մտահոգությունները, ծրագրերն ու առաջարկները ներկայացնել, այլ նաև անհատ քաղաքացիները։

«Խնդիրները հավաքագրվում են, պետությունն առաջնայնությունների սահմանում է կատարում՝ քաղհասարակության հետ համատեղ․ որպես կանոն երկու տարվա համար շուրջ 8-10 հանձնառություններ են ներառվում գործողությունների ծրագրերում»,-նշում է Մարինա Մխիթարյանը։

Այս ծրագրի շրջանակներում համագործակցում են ոչ միայն քաղաքացիներն ու կառավարությունը, այլ նաև երկրները։ Մասնագետի խոսքով՝ սա «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ամենաուժեղ կողմերից է։

«Կան նախարարական հանդիպումներ, որոնք միջկառավարական շփումների համար են, որպեսզի կառավարությունները կարողանան փախանակել իրար միջև ծրագրերի արդյունավետությունը, փորձը փոխանակել։ Շատ մեխանիզմներ կան քաղհասարակության կազմակերպությունների համար, դրանք պարբերական տարածաշրջանային հանդիպումներն են, գագաթաժողովներն են, ինչպես նաև առցանց շփումներն են՝ թեմատիկ հանձնառությունների շուրջ»,-ասաց Մխիթարյանը։

ԲԿԳ մարտահրավերներից յուրաքանչյուրը պետք է արտացոլի ԲԿԳ հետևյալ արժեք-սկզբունքները:

> «Հանրության առջև հաշվետվողականություն»՝ տեսանելի նոր հնարավորությունների ստեղծում կամ առկա հնարավորությունների բարելավում՝ պաշտոնյաներին իրենց գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:

> «Հանրային մասնակցություն»՝ հանրության կողմից որոշումների կայացմանը մասնակցելու կամ ներազդելու հնարավորությունների կամ կարողությունների բարելավում։

«Թափանցիկություն/Տեղեկատվության մատչելիություն»՝ լրացուցիչ տեղեկության բացահայտում կամ հանրությանը հասանելի տեղեկության որակի բարելավում

> «Տեխնոլոգիան և նորարարությունը հանուն թափանցիկության և հաշվետվողականության» արժեքին, այն է՝ ԲԿԳ մյուս երեք արժեքներից որևէ մեկի հետ տեխնոլոգիական նորարարության օգտագործում՝ թափանցիկությունը կամ հաշվետվողականությունը բարելավելու նպատակով։

Նշենք, որ հրապարակումը պատրաստվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Աջակցության ստորաբաժանման օժանդակությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում