Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական արարողությունը:
ՀԿ-ի գործադիր տնօրեն Ալվինա Ներսեսյանի խոսքով՝ իրենք հավատում են, որ մի օր անպայման հետ են վերադառնալու իրենց բնակավայր և դա իրենց վերջնանպատակն է: Նա ասաց, որ իրենք պայքարող տեսակ են և միտք չունեն հրաժարվելու իրենց նպատակից:
«Ցավոք, մեր նամակների և դիմումների նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ չէր, ավելին՝ առհասարակ արդյունավետ չէր և մեզ սկսեցին օգնել Իրավաբանների հայկական ասոցիացիան, պարոն Զադոյանը մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց և իր խորհրդով մենք ձևավորվել ենք որպես ՀԿ, փետրվարի 16-ին ստացել ենք պետական գրանցում»,-ասաց Ալվինա Ներսեսյանը:
ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանի խոսքով՝ իրենք միավորվել են, որովհետև ցանկանում են անել մի քայլ, որն ուղղված կլինի անհատական պաշտպանությանը:
«Մենք՝ բոլոր երիտասարդներս, չենք համարում, որ Շուշին կորցրել ենք, Շուշին կկորցնենք այն ժամանակ, երբ համակերպվենք իր չլինելու հետ: Շուշին ուղղակի մեր վերահսկողությունից դուրս է, որը ժամանակի հարց է»,-այս մասին ասաց «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Մարիամ Անդրեասյանը:
Հավելենք, որ «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի անշահախնդիր աջակցությամբ։